2.1 միլիարդ մարդ տանը մաքուր ջուր խմելու հնարավորություն չունի, իսկ նրանցից երկու անգամ ավելի շատ մարդ զրկված է տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կայուն զարգացման նպատակների համատեքստում ներկայացնում են աշխարհում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների մասին առաջին տվյալները


 
13-ը հուլիսի 2017թ., Ժնև/Նյու Յորք– Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆՍԻԵՖ-ի նոր զեկույցի, աշխարհում առնվազն 2.1 միլիարդ երեխա կամ յուրաքանչյուր 10 երեխայից 3-ը տանը անվտանգ ջրի մատակարարում չունի, իսկ 10-ից 6-ը կամ 4.4 միլիարդ երեխա զրկված է տարրական սանիտարական պայմաններից:


 
Խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում: 2017թ.-ի նորացված տեղեկատվություն և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար որպես հիմք վերցված տվյալներ մշտադիտարկման համատեղ ծրագրի զեկույցը ներկայացնում է խմելու անվտանգ ջրի և սանիտարական ծառայությունների առաջին համաշխարհային գնահատականները: Ըստ զեկույցի հիմնական եզրակացության, չափազանց մեծ թվով մարդ դեռևս անվտանգ ջրի մատակարարում չունի և զրկված է տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից՝ հատկապես գյուղական վայրերում:


«Մաքուր ջուրը և հիգիենայի պահպանումը տանը հասանելի պետք է լինեն ոչ միայն հարուստ կամ քաղաքների կենտրոններում ապրող մարդկանց համար», - նշեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus): «Սրանք մարդու առողջության համար անհրաժեշտ տարրական պահանջներից են, և բոլոր երկրները պարտավոր են ապահովել դրանց հասանելիությունը յուրաքանչյուր բնակչի համար»:


2000թ.-ից ի վեր՝ միլիարդավոր մարդիկ հնարավորություն են ստացել օգտվելու խմելու ջրից և տարրական սանիտարական պայմաններից, սակայն այդ ծառայությունները միշտ չէ, որ անվտանգ են եղել: Շատ տներ, առողջապահական կենտրոններ և դպրոցներ նույնպես դեռևս չունեն ձեռքերը լվանալու օճառ և ջուր՝  դրանով վտանգի ենթարկելով մարդկանց՝ հատկապես մանկահասակ երեխաների առողջությունը՝ վտանգավոր հիվանդությունների, ինչպիսին է փորլուծությունը, թիրախ դարձնելով:


Արդյունքում՝ ամեն տարի, 5 տարեկանից ցածր 361,000 երեխա մահանում է աղիքային հիվանդություններից: Անմխիթար սանիտարահիգիենիկ պայմաններրը և կեղտոտ ջուրը նաև խոլերայի, դիզենտերիայի, հեպատիտ Ա-ի և տիֆի առաջացման պատճառ կարող են դառնալ:


«Անվտանգ ջուրը և արդյունավետ սանիտարահիգիենիկ ծառայությունները չափազանց կարևոր են յուրաքանչյուր երեխայի ու համայնքի առողջության համար, հետևաբար՝ նաև առանցքային նշանակություն ունեն ուժեղ, առողջ և համահավասար հասարակություն կառուցելու գործում», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Այսօր ամենախոցելի համայնքներում և ամենախոցելի երեխաների համար այդ ծառայությունները բարելավելով՝  նրանց հնարավորություն ենք ընձեռում ավելի լավ ապագա ունենալու համար»:


 
Անհավասարությունն ակնառու է:


Նպատակ ունենալով նվազեցնել անհավասարությունն աշխարհում, Կայուն զարգացման նպատակները կոչ են անում դադարեցնել դրսում բնական կարիքներ հոգալը և մինչև 2030թ.-ը հասանելի դարձնել հիմնական անհրաժեշտ ծառայությունները:


Անվտանգ ջրի մատակարարման աղբյուր չունեցող 2.1 միլիարդ մարդուց 844 միլիոնը նունիսկ հնարավորություն չունի օգտվելու խմելու ջրի մատակարարման ծառայությունից: Այդ մարդկանց թվին են պատկանում այն 263 միլիոն անձիք, ովքեր, ջուրը ձեռք են բերում արտաքին աղբյուրներից՝ ճանապարհի վրա ծախսելով ավելի քան 30 րոպե, և այն 159 միլիոն մարդիկ, ովքեր դեռևս չմշակված ջուր են խմում՝ լճերից և այլ ջրային ավազաններից:
  

90 երկրներում տարրական սանիտարահիգիենիկ ծառայություններ տրամադրելու գործում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը նշանակում է, որ մինչև 2030թ.-ը այդ երկրները չեն հասնի նախատեսված համաշխարհային ցուցանիշին:


2.3 միլիարդ մարդ դեռևս հնարավորություն չունի օգտվելու տարրական սանիտարական ծառայություններից: Այդ մարդկանց թվին են պատկանում 600 միլիոն անձիք, ովքեր օգտվում են միևնույն զուգարանից այլ տնային տնտեսությունների հետ մեկտեղ: Իսկ 892 միլիոն մարդ էլ իրենց բնական կարիքները հոգում են դրսում. սա հիմնականում տեղի է ունենում գյուղական վայրերում: Բնակչության աճին զուգահեռ, դրսում բնական կարիքներ հոգալու ցուցանիշն աճում է ենթասահարական Աֆրիկայում և Օվկիանիայում:


Ճիշտ հիգիենան հիվանդությունների տարածումը կանխարգելող ամենահեշտ և արդյունավետ ուղիներից է: Առաջին անգամ կայուն զարգացման նպատակները մշտադիտարկում են այն մարդկանց տոկոսը, ովքեր հնարավորություն ունեն տանն իրենց ձեռքերը լվանալ օճառով և ջրով: Նոր զեկույցի համաձայն, ձեռքերը լվանալու համար ջրի և օճառի առկայությունը մեծապես տարբերվում է ըստ 70 երկրներից հավաքագրված տվյալների՝ ենթասահարական Աֆրիկայում կազմելով բնակչության 15 տոկոսը, իսկ արևմտյան Ասիայում և հյուսիսային Աֆրիկայում՝ 76:

 

 

 

 

 

 


 
Զեկույցը նաև ներառում է հետևյալը՝

 

Շատ երկրներ ջրի և սանիտարական ծառայությունների որակի վերաբերյալ տվյալներ չունեն: Զեկույցը ներառում է անվտանգ ջրի մատակարարման  և սանիտարական ծառայությունների  մասին տվյալներ, համապատասխանաբար 96 և 84 երկրներում:

 

Հակամարտություն ունեցող կամ ճգնաժամերի մեջ գտնվող երկրներում ապրող երեխաները 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական ջրամատակարարման ծառայություններից և 2 անգամ ավելի քիչ հնարավորություն՝ գործածելու տարրական սանիտարական ծառայություններ, քան այլ երկրներում ապրող երեխաները:

 

Քաղաքային և գյուղական գոտիների միջև առկա են զգալի տարբերություններ: Անվտանգ ջրի մատակարարում ունեցող 3 մարդուց 2-ը և անվտանգ սանիտարական ծառայություններ ունեցող 5-ից 3-ը բնակվում են քաղաքներում: Լճերից և այլ ջրային ավազաններից ջուր խմող 161 միլիոն մարդուց 150 միլիոնը ապրում է գյուղական վայրերում

###

  

 

Մշտադիտարկման համատեղ ծրագրի մասին

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ ծառայությունների համատեղ մշտադիտարկման ծրագիրը(ՀՄԾ) ՄԱԿ-ի պաշտոնական մեխանիզմն է, որի նպատակն է մշտադիտարկել երկրի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակներում առաջընթացն այդ ոլորտում՝ հատկապես Կայուն զարգացման նպատակների թիրախների համատեքստում՝ տվյալ դեպքում ապահովել բոլորի համար ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունը ողջ աշխարհում: Շնորհիվ աշխարհում աջակցություն վայելող տնային տնտեսություններում անցկացվող հարցումների, ՀՄԾ-ի վերլուծությունները հնարավորություն են ընձեռում կապ ստեղծել  ջրի օգտագործման, սանիտարահիգիենիկ պայմանների առկայության և կյանքի որակի միջև և հեղինակավոր հղում է քաղաքականության ոլորտում որոշում կայացնելու և դրամական միջոցների հատկացնելու գործում հատկապես՝ միջազգային մակարդակում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար՝ Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org