Քայլ առ քայլ կոտրելով կարծրատիպերը

 

Տիգրանը կարող էր լինել սովորական մի հայ երիտասարդ, ով, ինչպես բոլորը, պայքարում է աշխատաշուկայում իր տեղը գտնելու համար, եթե չլինեին այն բազմաթիվ հաղթանակները, որոնցով նա մինչ օրս հպարտանում է: Նա Հատուկ Օլիմպիադաների խաղերի ազատ ոճի լողի եռակի չեմպիոն է: 2007-ին Չինաստանում Տիգրանը պարգևատրվել է արծաթե մեդալով, իսկ 2011-ին Աթենքում և 2015-ին Լոս Անջելեսում՝ ոսկե մեդալներով: Վաղ մանկությունից սկսած՝ լողը նրա կիրքն էր, բայց Տիգրանը կարողացավ քայլել դեպի իր նպատակը միայն այն ժամանակ, երբ միացավ «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ»-ի հավաքականին, որտեղ էլ զարգացրեց իր հմտություններն ու ընկերներ ձեռք բերեց:

 

Տիգրանը 2015-ին Ստեփանավանում տեղի ունեցած TEDxYouth միջոցառման բանախոսներից էր: Այդ օրը բեմից  նա խոսում էր իր պատմության, սպորտը ու կրթությունը համատեղելու, ինչպես նաև՝ վարսահարդար աշխատելու իր ապագա պլանների մասին:

 

2015-ին Տիգրանը Հայաստանում դարձավ մտավոր հաշմանդամություն ունեցող առաջին երիտասարդը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ նկարահանվեց հայկական հեռուստասերիալներից մեկում: Դա լայնածավալ հանրային արշավի մի մասն էր, որ կոչված էր խթանելու հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը: «Հեշտ չէր, առանց դերասանական փորձ ունենալու, հայտնվել էկրանին ու ներկայացնել մեկին, ում արկածներին այդքան շատ մարդ էր հետևում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում»,- պատմում էր Տիգրանը՝ նկարագրելով իր այս փորձառությունը:

 

Եթե Հայաստանում գրեթե բոլորը (96 տոկոսը) համարում են, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է ներառվի հասարակության մեջ, ապա յուրաքանչյուր 5-րդ բնակիչը կարծում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան պետք է մեկուսացվի հասարակությունից: Իսկ երբ հարցը վերաբերում է կրթությանը, կարծիքներն ավելի են շեղվում միմյանցից: Հայաստանցիների 71 տոկոսը կարծում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հաճախի հատուկ դպրոց, մինչդեռ 22 տոկոսն է միայն համարում, որ նա պետք է հաճախի հանրակրթական դպրոց:

 

Տիգրանի դպրոցական կյանքը նույնպես բազմապիսի էր: Նա նախ ընդունվել է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ դպրոց, ինչի պատճառով էլ ինչ-որ չափով մեկուսացվել է իր մայրիկից և ընտանիքից: Հետագայում նա արդեն տեղափոխվել է ներառական մասնագիտական դպրոց, որն էլ ավարտել է՝ ձեռք բերելով վարսահարդարի մասնագիտություն: Տիգրանի մայրիկն ասում է, որ այս նոր դպրոցում նա ավելի շատ բան է ստացել՝ ընկերներ է ձեռք բերել, նոր մասնագիտությունների հետ առնչվել: «Ուզում եմ՝  Տիգրանն ավարտելուց հետո կայուն աշխատանք գտնի ու շարունակի անել այն, ինչ սիրում է»,- ասում է Ռուզաննան՝ Տիգրանի մայրը:

 

Երբ ներառական կրթությունը լավ է կազմակերպվում, թե՛ հաշմանդամություն ունեցող, թե՛ չունեցող երեխաները կարևոր հնարավորություն են ստանում: Նրանք սովորում են հեշտությամբ շփվել միմյանց հետ և ինքնավստահություն են ձեռք բերում: Այն նաև նպաստում է, որ երեխաները հետագայում հեշտությամբ ներգրավվեն հասարակության մեջ, կյանքին նայեն առանց նախապաշարմունքների, ընկերներ ձեռք բերեն և այս ամենի արդյունքում՝ ընտանիքում և հասարակության մեջ ապրեն լիարժեք կյանքով:

 

 

 

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝zsargsyan@unicef.org