Վերանայվել են ՀՊՄՀ-ի ներառական կրթության վերաբերյալ դասընթացները

Ըստ ընթացիկ բարեփոխումների, մինչև 2025թ.-ը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս փոփոխությունն իր հետ բերեց մի շարք անելիքներ, այդ թվում՝ հարկ եղավ արդիականացնել ապագա ուսուցիչների պատրաստումը ներառական կրթության իրականացման համար:

 

Արդեն մեկ տարի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ համագործակցություն սկսվեց բնագավառում մեծ փորձ ունեցող Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) և Երևանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև: Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել ՀՊՄՀ-ի դասախոսական կազմի և աշխատակազմի կարողությունները ներառական մանկավարժության բնագավառում:

 

Վերջին տարում գործընկերները գնահատել են ոլորտում առկա իրավիճակը՝ ուսումնասիրելով բազմամասնագիտական թիմերի փորձը Սյունիքի մարզում, ինչպես նաև ներառական կրթությունն արդյունավետ կերպով իրականացնելու ճանապարհին առկա խոչընդոտները:

 

Հայ և ամերիկյան մասնագետները կատարել են երկկողմանի այցելություններ, որոնց ընթացքում հայ մասնագետները մանրամասն ծանոթացել են ամերիկյան փորձին ու կիրառվող մեթոդաբանությանը, որի օգնությամբ կարելի է արդյունավետորեն ներառել հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին և որակյալ կրթություն մատուցել բոլոր երեխաներին, ըստ յուրաքանչյուրի կարիքների:

 

Թերևս գլխավոր ձեռքբերումն այն է, որ գործընկերները գնահատել և վերանայել են ՀՊՄՀ-ի՝ ներառական կրթության վերաբերյալ բոլոր չորս հիմնական դասընթացները: Արդյունքում մասնագետներն աշխատում են բովանդակությունը նորացված երկու դասընթաց և երկու ամբողջովին նոր դասընթաց (Հոգեբանամանկավարժական աջակցությունը ներառական կրթության մեջ; Դասավանդման ռազմավարություններ ներառական կրթության համար) պատրաստելու ուղղությամբ:

 

Մինչ ծրագրի ավարտը (2018թ. մայիս) գործընկերները կպատրաստեն երկու նոր դասընթացների ամբողջ ուսումնական փաթեթը, որը կներառի՝ մեկ հիմնական դասագիրք, ուսումնառության մոդուլներ, առցանց դասախոսությունների շարք և փաստագրական նյութեր: Մայիսին փաթեթը կներկայացվի շահագրգիռ կողմերի գնահատականին և վերջնական մշակումների արդյունքում կներդրվի 2018-2019թթ. ուսումնական տարում:

 

Ինչպես ժամանակին նշել է ծագումով Նորվեգիայից ամերիկացի կլինիկական հոգեբան և Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Օլե Իվար Լովաասը, «Եթե նրանք չեն կարող սովորել այնպես ինչպես մենք սովորեցնում ենք, մենք սովորեցնում ենք այնպես, ինչպես նրանք սովորում են»: Ծրագրի վերջնանպատակն է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխա հանրակրթական դպրոցում սովորելու համար անհրաժեշտ աջակցություն և դպրոցի կյանքում իր նպաստն ունենալու հնարավորություն ստանա: