Չնայած առաջընթացին՝ 180 մլն. երեխայի համար հեռանկարներն ավելի մռայլ են, քան նրանց ծնողների դեպքում էր

Երեխաների համաշխարհային օրվա միջոցառումներն ավելի քան 130 երկրում հարթակ են՝ ուղղված երեխաների  մտահոգությունները բարձրաձայնելու, անտեսված երեխաների շահերը պաշտպանելու ապահովմանը

 

Նյու Յորք, 20-ը նոյեմբերի, 2017 թ. – Չնայած գլոբալ առաջընթացին՝ ամբողջ աշխարհում ամեն 12 երեխայից մեկն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ այսօր նրանց հեռանկարներն ավելի մռայլ են, քան ժամանակին նրանց ծնողներինը՝ փաստում է Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած վերլուծությունը։


 
Համաձայն վերլուծության՝ 180 միլիոն երեխա ապրում է 37 երկրներում, որտեղ նրանց՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվելու, դպրոց չհաճախելու կամ սպանվելու հավանականությունն ավելի մեծ է, քան այդ երկրներում 20 տարի առաջ ապրած երեխաներինը։


 
«Թեպետ վերջին սերնդի օրոք մեծածավալ, աննախադեպ ձեռքբերումներ են արձանագրվել աշխարհի երեխաների մեծամասնության կենսամակարդակի բարելավման հարցում, սակայն այն փաստը, որ երեխաների մոռացված փոքրամասնությունը դուրս է մնացել սրանից՝ ոչ իր կամ իր ընտանիքի մեղքով, զավեշտ է», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տվյալների, հետազոտության և քաղաքականությունների գծով տնօրեն Լոուրենս Չենդին (Laurence Chandy)։
 


ՅՈՒՆԻՍԵՖ-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձը նշանավորող Երեխաների համաշխարհային օրը նշում է ավելի քան 130 երկրում լայն արձագանք ապահովող միջոցառումների և այլ նախաձեռնությունների միջոցով, որոնք երեխաներին աշխարհը «գրավելու» հարթակ կտրամադրեն՝ օգնելու փրկել երեխաների կյանքեր, պայքարել իրենց իրավունքների համար և իրացնել իրենց ներուժը։


 
«Ամենուր բոլոր ծնողների ձգտումն է իրենց երեխաների համար ապահովել ավելի 
լավ հնարավորություններ, քան ունեցել են իրենք այդ տարիքում։ Երեխաների համաշխարհային այս օրը մենք պետք է ուշադրությունը սևեռենք այն հարցին, թե քանի երեխա դրա փոխարեն ունի ավելի սահմանափակ հնարավորություններ և ավելի անբարենպաստ հեռանկարներ», - ավելացրել է Չենդին։


 
Գնահատելով երեխաների հեռանկարները ծայրահեղ աղքատությունից դուրս գալու, հիմնական կրթություն ստանալու և բռնի մահից խուսափելու առումով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը բացահայտում է հետևյալը.

 

  • 14 երկրում, այդ թվում՝ Բենինում, Կամերունում, Մադագասկարում, Զամբիայում և Զիմբաբվեում, ավելացել է օրական 1.90 ԱՄՆ դոլարից պակաս գումարով ապրող մարդկանց մասնաբաժինը։ Այս աճի պատճառները մեծ մասամբ անհանգիստ իրավիճակը, հակամարտությունները և վատ կառավարումն են.
  • տարրական դպրոցում ներգրավվածությունը նվազել է 21 երկրում, այդ թվում՝ Սիրիայում և Տանզանիայում, այնպիսի պատճառներով, ինչպիսիք են ֆինանսական ճգնաժամերը, բնակչության արագընթաց աճը և հակամարտությունների ազդեցությունը.
  • բռնի մահվան դեպքերը 19-ից ցածր տարիքի երեխաների շրջանում աճել են յոթ երկրում, այդ թվում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Իրաքում, Լիբիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում, Ուկրաինայում և Եմենում. բոլոր այս երկրները ներգրավված են խոշոր հակամարտություններում։

 
«Տեխնոլոգիական արագընթաց փոփոխությունների ժամանակներում, երբ դրանք բերում են կենսամակարդակի հսկայական առաջընթաց, արատավոր երևույթ է այն, որ հարյուր միլիոնավոր մարդկանց դեպքում կենսամակարդակը փաստացի վատթարանում է՝ նրանց համակելով անարդարության զգացումով, իսկ նրանց խնամատարներին՝ ձախողված լինելու զգացումով, - ասել է Չենդին։ - Զարմանալի չէ նրանց զգացումը, որ իրենց ձայնը տեղ չի հասնում, և որ իրենց ապագան անորոշ է»։


 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեկ այլ հետազոտություն 14 երկրի 9-18 տարեկան երեխաների շրջանում՝ նույնպես թողարկված այսօր, ցույց է տալիս, որ երեխաները խորապես մտահոգ են իրենց հասակակիցների և հենց իրենց վրա ազդեցություն ունեցող գլոբալ խնդիրներով, որոնց թվում՝ բռնությունը, ահաբեկչությունը, հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, փախստականների և միգրանտների նկատմամբ անարդար վերաբերմունքը և աղքատությունը։


 
Երեխաների համաշխարհային օրը օր է «երեխաների կողմից, երեխաների համար», երբ երեխաները ողջ աշխարհում առանցքային դերեր են ստանձնում լրատվամիջոցներում, քաղաքական դաշտում, գործարար հատվածում, մարզաշխարհում եւ շոու-բիզնեսում՝ իրենց մտահոգություններն արտահայտելու այն հարցերի վերաբերյալ, որոնց վրա համաշխարհային առաջնորդները պետք է սևեռեն իրենց ուշադրությունը, և աջակցություն հայտնելու իրենց միլիոնավոր այն հասակակիցներին, որոնց սպառնում է պակաս հուսալի ապագա։


 
«Երեխաների համաշխարհային օրը մեզ տալիս է մեր ձայնը տեղ հասցնելու և մեր ապագայի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն։ Եվ մեր ուղերձը հստակ է՝ մենք պետք է ինքներս խոսենք մեր խնդիրների մասին, և երբ դա անենք, աշխարհը պետք է լսի»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող 14-ամյա ակտիվիստ Ջեյդըն Մայքլը (Jaden Michael)։


 
# # # # #
 
Երեխաների համաշխարհային օրվա մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք` https://www.unicef.org/world-childrens-day/
 

 

Հետազոտության որոշ առանցքային բացահայտումներ

 


Բոլոր 14 երկրներում երեխաների կեսը նշել է, որ իրենց ձայնազուրկ են զգում, երբ նրանց հարցրել են, թե ինչպես են իրենց զգում, երբ աշխարհի երեխաների վրա ազդող որոշումներ են կայացվում։

  • Բոլոր 14 երկրներում երեխաներն ահաբեկչությունը, վատ կրթությունը և աղքատությունն են մատնանշել որպես հարցեր, որոնց ուղղությամբ կցանկանային, որ աշխարհի առաջնորդները քայլեր ձեռնարկեն։
  • Բոլոր 14 երկրներում երեխաների նկատմամբ բռնությունը ամենամեծ մտահոգությունն է, որը խիստ անհանգստացնում է հարցվածների 67 տոկոսին։ Բրազիլիայի, Նիգերիայի եւ Մեքսիկայի երեխաներն ամենաշատն են անհանգստացած երեխաների նկատմամբ բռնության հարցով. այդ երկրներում համապատասխանաբար 82, 77 եւ 74 տոկոսին խիստ անհանգստացնում է այս հարցը։ Ճապոնիայում երեխաներն ամենաքիչն են հակված անհանգստանալու այս հարցով՝ հարցված երեխաների մեկ քառորդից պակասին (23 տոկոս) է խիստ անհանգստացնում այս հարցը։
  • Բոլոր 14 երկրներում երեխաներին հավասարապես մտահոգում են ահաբեկչության և վատ կրթության հարցերը՝ հարցված բոլոր երեխաների 65 տոկոսին խիստ անհանգստացնում են դրանք։ Թուրքիայի եւ Եգիպտոսի երեխաներն ամենից շատ են հակված անհանգստանալու, որ ահաբեկչությունը կազդի անձամբ իրենց վրա՝ 81 եւ 75 տոկոս համապատասխանաբար։ Ի հակադրություն, Նիդեռլանդների երեխաները ամենաքիչն են հակված մտահոգվելու, որ ահաբեկչությունը կազդի ուղղակիորեն իրենց վրա՝ ընդամենը 30 տոկոս։ Բրազիլիայի և Նիգերիայի երեխաներն ամենից շատն են մտահոգված վատորակ կրթության և հնարավորությունների բացակայության խնդիրներով՝ ամեն 10 երեխայից 8-ին անհանգստացնում է այս խնդիրների ազդեցությունն աշխարհի երեխաների վրա։
  • Բոլոր 14 երկրներում ամեն 10 երեխայից շուրջ 4-ին խիստ անհանգստացնում է փախստական եւ միգրանտ երեխաների նկատմամբ անարդար վերաբերմունքը։ Մեքսիկայի, Բրազիլիայի և Թուրքիայի երեխաներն ամենից շատն են հակված անհանգստանալու աշխարհով մեկ փախստական եւ միգրանտ երեխաների նկատմամբ անարդար վերաբերմունքով. Մեքսիկայում վախ է արտահայտել ամեն 5 երեխայից 3-ը, Բրազիլիայում՝ ավելի քան կեսը։ Մեքսիկայում երեխաների 55 տոկոսն անհանգստանում է, որ այս խնդիրը կարող է ազդել անձնապես իրենց վրա։
  • 14 երկրներում երեխաների մոտ կեսը (45 տոկոսը) վստահ չէ, որ չափահասները եւ համաշխարհային առաջնորդները երեխաների վերաբերյալ լավ որոշումներ են կայացնում։ Այս հարցում առաջատարը Բրազիլիան է, որտեղ երեխաների 81 տոկոսը չի վստահում առաջնորդներին, այնուհետեւ Հարավային Աֆրիկան է՝ 69 տոկոս ցուցանիշով։ Հնդկաստանի երեխաներն ամենաշատն են վստահում իրենց առաջնորդներին. այստեղ առաջնորդներին չի վստահում երեխաների 30 տոկոսը։
  • Բարաք Օբաման, Կրիշտիանու Ռոնալդուն, Ջասթին Բիբերը եւ Թեյլոր Սվիֆթն ամենաշատն են նշվել որպես մարդիկ, որոնց երեխաները կցանկանային հրավիրել իրենց ծննդյան տարեդարձին, ընդ որում, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը 14 երկրներից 9-ում հայտնվել է առաջին հնգյակում։ 14 երկրներից 9-ում հեռուստացույց դիտելը նշվել է որպես ամենասիրելի հոբբի։