Նոր տեսահոլովակ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը նոր ուսումնական տարվա առիթով կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում

 

1-ը սեպտեմբերի, Երևան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:

 

Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին:

 

«Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը: «Երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ նա կարող է ունենալ կյանքում»:

 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել երկրում ներառական կրթությունը ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան դպրոցների, ծնողների ու համայնքների պատրաստվածությունն այս առումով բարձրացնելու հարցում: «ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հրաշալի բաներ կարող են անել, եթե նրանց հնարավորություն ընձեռնվի: Նրանք, ինչպես բոլորը, ունեն կրթություն ստանալու նույն իրավունքը»:

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սիվիլիթաս հիմնադրամի 2013 և 2015թթ.-ին իրականացրած՝ երեխաների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ հարցման արդյունքների, չնայած ընդհանուր առմամբ հանդուրժողական մոտեցում կա հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներգրավելու և ընդհանուր կրթական հաստատություններում ընդգրկելու գաղափարի հանդեպ, հանդուրժողականության աստիճանը կախված է հաշմանդամության տեսակից՝ մտավոր կամ ֆիզիկական: Հարցվածների զգալի մեծամասնությունը (71 տոկոս) կարծում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հաճախի հատուկ դպրոց:

 

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենամեկուսացված և խոցելի խմբերից են, որոնք բազում զրկանքներից բացի, որակյալ ներառական կրթություն ստանալու հնարավորություն չունեն: 2017թ.-ի դրությամբ, ՀՀ-ում գոյություն ունեն 208 ներառական դպրոցներ, որոնց թիվն աստիճանաբար աճում է: Հատուկ դպրոցների թիվը 40-ից նվազել է 21-ի՝ հետագա պլանավորված կրճատումներով:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում ներառվի հանրակրթական դպրոցներում վաղ մանկությունից մինչև պատանեկություն՝ կատարելով մի շարք միջամտություններ: Դրանց թվում են՝

 

 - հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը՝ ներառման պարտավորություն ստանձնելը խթանելու նպատակով,

 

 - հատուկ դպրոցների վերակազմակերպումը այնպիսի կենտրոնների, որոնք կկարողանան օժանդակել հանրակրթական դպրոցներին ներառական դառնալու գործընթացում,

 

 - հաշմանդամություն որոշելու գործընթացի վերանայումը՝ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգմանը համապատասխան,

 

 - 0-6 տարեկան երեխաների շրջանում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության համար մեխանիզմների ստեղծումը, հաշմանդամության վերաբերյալ տվյալների հավաքագրումը՝ առկա բացը լրացնելու և գրանցման առաջընթացը վերահսկելու, ինչպես նաև՝

 

 - Աջակցելով իրավական բարեփոխումներին և քաղաքականության մշակմանը՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org