Մի պտղունց աղ

«Ես միշտ մայրիկիս օգնում եմ կերակուր պատրաստելիս. ես աղն եմ ավելացնում»,- ասում է 4-ամյա Ավետը՝ նշելով, որ ուտել շատ է սիրում: «Մայրիկս միշտ ինձ ասում է, որ մենք շատ քիչ աղի կարիք ունենք, ընդամենը մեկ պտղունց»:

 

Ավետին հանդիպեցինք մանկապարտեզում, ուր գնացել էինք՝ պարզելու՝ ինչ գիտեն երեխաներն աղի մասին: Նա ինձ զարմացրեց. չնայած իր տարիքին՝ նա բավականին տեղեկացված էր ու անգամ գիտեր, որ իր մեկամյա քրոջ ճաշիկներում աղ չպետք է ավելացնի:

 

Պատկերացնու՞մ եք՝ մի պտղունց աղը կարող է օգնել կարևոր խնդիրներ լուծելու հարցում: Աղը հաստատուն կերպով յոդով հարստացնելով՝ Հայաստանն արդեն մեկ տասնամյակ է՝ հաղթահարել է օրգանիզմում յոդի անբավարար քանակի խնդիրը՝ պաշտպանելով նորածիններին ուղեղի հնարավոր վնասներից և IQ-ի նվազումից: 

  

Յոդացված աղ

 

Քսան տարի առաջ Հայատանում յոդի անբավարարության խնդիր կար: 1995թ.-ին Առողջապահության նախարարությունը, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, հետազոտություն իրականացրեց, որը ցույց տվեց, որ լեռնային շրջաններում հղի կանանց 50%-ը և դպրոցահասակ երեխաների 40%-ը վահանաձև գեղձի խնդիրներ ունեն: Պարզվեց նաև, որ ազգային մակարդակում յուրաքանչյուր երրորդ հղի նույնպես այդ խնդիրն ունի:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության նախարարության՝ աղը յոդով հարստացնելու աշխատանքները սկսվեցին 1997թ-ից: Ազգային արտադրողը՝ «Ավան աղ»-ը, յոդացված աղը պարտադիր դարձնելու կառավարության որոշումից նույնիսկ ավելի շուտ սկսեց յոդով հարստացնել հասարակության սպառման իր ողջ արտադրանքը: Ութ տարի անց՝ 2005թ-ին Առողջապահության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Յոդի գլոբալ ցանցի հետ Հայաստանի բոլոր մարզերում, բացառությամբ Վայոց ձորի, կրկին ազգային հետազոտություն իրականացրեց: Հետազոտությունը փաստեց, որ Հայաստանում յոդի յուրացումը կրկին բավարար մակարդակ ունի, և արդեն 2006թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Հայաստանում յոդի անբավարարության խնդիր այլևս չկա:

 

Տասը տարի անց՝ 2016-2017 թթ-ներին Առողջապահության նախարարությունը ազգային հետազոտություն իրականացրեց Հայաստանի 13 քաղաքներում: Արդյունքները նույնպես փաստեցին, որ յոդի անբավարարության խնդիրն այսուհետ կարելի է լուծված համարել:

 

Յոդի անբավարարություն

 

Յոդի անբավարարությունը կանխարգելելի մտավոր հետընթացի հիմնական պատճառն է: Այն հիմնականում վտանգավոր է հղիության ժամանակ և վաղ մանկական տարիքում: Ավելին, յոդի նույնիսկ աննշան անբավարարությունը կարող է հանգեցնել սովորելու կարողության նշանակալի նվազման:

 

Այս ամենն իմանալով՝ իսկապես ուրախ ենք, որ Ավետը և Հայաստանում բոլոր երեխաներն օգտագործում են յոդացված աղ: Երբ մանկապարտեզում հետքրքրվում էինք աղի օգտագործման մասին, պարզվեց, որ տկն Հասմիկը, ով արդեն 28 տարի մանկապարտեզում խոհարար է աշխատում, օրական 200 երեխայի համար կերակուր է պատրաստում: Ի դեպ, Ավետն արդեն ասել էր, որ տկն Հասմիկը շատ համեղ է պատրաստում: Որոշեցինք մանկապարտեզում աղի օգտագործման մասին հարցնել տկն Հասմիկին:

 

«Հիշում եմ՝ երբ դեռ նոր էի սկսել մանկապարտեզում խոհարարի աշխատանքս, մենք սովորական աղ էինք օգտագործում: Բայց արդեն 15 տարի կլինի, ինչ միայն յոդացված աղ ենք գնում: Ուրախ եմ, որ ինձ հայտնեցիք երեխաների առողջության համար յոդացված աղի կարևորության մասին»,-ժպտալով պատմեց տկն Հասմիկը: 

 

Ծրագրի հաջողությունը և տարածելու արժանի փորձը

 

Յոդի գլոբալ ցանցը Աղը յոդով հարստացնելու հայաստանյան ծրագիրը հայտարարել է որպես հաջողված ծրագիր և տարածելու արժանի փորձ: «Այս ծրագիրը հաջողվեց կազմակերպությունների և Հայաստանի ղեկավարության արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- նշված է Յոդի գլոբալ ցանցի 45-րդ պարբերականում:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org