Մեկնարկեց Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը

Երևան, 1-ը օգոստոսի, 2017թ. - Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:

 

Ըստ «Կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը» զեկույցի՝

  • Աշխարհի միայն 23 երկրներում են բացառապես կրծքով կերակրման մակարդակները գերազանցում 60 տոկոսը։
  • Երկրների ընդամենը մոտ 10 տոկոսն է տրամադրում հղիության ու ծննդաբերության վճարովի արձակուրդ առնվազն 18 շաբաթ տևողությամբ՝ երաշխավորելով վճարում այն ժամանակ, երբ կինը կվերադառնա աշխատանքի։
  • Աշխարհի 81 երկիր չի տրամադրում հղիության ու ծննդաբերության՝ նույնիսկ 14 շաբաթ տևողությամբ արձակուրդ։
  • Երեխաների մեծամասնությունը չի ծնվում այնպիսի հաստատություններում, որոնք համապատասխանում են կրծքով կերակրմանն աջակցության՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին։
  • Կրծքով կերակրումը նպաստում է կանանց մոտ կրծքի և ձվարանների քաղցկեղի ռիսկերի նվազեցմանը. կրծքով կերակրման օպտիմալ պրակտիկան ամեն տարի կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի հետևանքով կանանց մահացության դեպքերի կրճատում 20,000-ով։

 

Կրծքով կերակրումը յուրաքանչյուր երեխայի համար կյանքի ամենաառողջ մեկնարկի ապահովման՝ կենսական կարևորություն ունեցող բաղադրիչներից է։ Այն նորածնի առաջին պատվաստումն է և սնուցման լավագույն աղբյուրը։ Այն կարող է խթանել ուղեղի զարգացումը և առաջիկա 10 տարվա ընթացքում փրկել 520,000 երեխայի կյանք։

 

Սակայն կրծքով կերակրումը պարզապես մեկ կնոջ անելիք չէ։ Այն պահանջում է խրախուսում և աջակցություն բանիմաց խորհրդատուների, ընտանիքի անդամների, առողջապահական ծառայություններ մատուցողների, գործատուների, քաղաքականություն մշակողների և այլոց կողմից։

 

Երեխաների և պետությունների համար կրծքով կերակրման օգուտներն առավելագույնս քաղելու համար կառավարությունները և դոնոր կազմակերպությունները պիտի գործեն միասնաբար։ Առաջիկա 10 տարիների ընթացքում տարեկան 570 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելով՝ կառավարությունները, դոնոր կազմակերպությունները և գործընկերները կարող են օգնել, որպեսզի բացառապես կրծքով կերակրման մակարդակը հասցվի առնվազն 50 տոկոսի։

 

ԻրավիճակըՀայաստանում՝

Ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-2016թ.) արդյունքների Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը, որը բարձր է նախորդ՝ 2010թ. հետազոտության արդյունքից (34.6 տոկոս): Չնայած վերջին տասնամյակում գրանցել է դրական միտում (2000թ.-ին՝ 30 տոկոս, 2005թ.-ին՝ 32.5 տոկոս, 2010թ.-ին՝ 34.6 տոկոս), հայաստանյան ցուցանիշը դեռ չի հատել միջազգայնորեն ընդունված 60 տոկոսի շեմը:

 

2000թ. ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում են մի շարք ծրագրեր՝ ուղղված կրծքով կերակրման խթանմանը: Այս տարի Երևանում բացվել է ծննդատան տարածքում գործող կրծքով կերակրման առաջին խորհրդատվական սենյակը: Այս մասին ավելին՝ https://goo.gl/ZfZ4vo

 

Նախորդ տարիներին իրականացվել են մի շարք վերապատրաստումներ և տեղեկատվական միջոցառումներ ինչպես բուժ աշխատողների, այնպես էլ հղի կանանց և մայրիկների համար: Մայրիկները հաճախ բարձրաձայնում են հայերեն լեզվով վստահելի տեղեկատվության պակասը, որպես կրծքով կերակրմանը խոչընդոտող հանգամանք: Այդ իսկ պատճառում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է մի շարք տեղեկատվական նյութեր, որոնք հասանելի են առցանաց՝ http://1000.nutrition.am/ կայքում:

 

Այս տարի նաև թողարկվել է հատուկ DVD սկավառակ՝ նվիրված ԿԿ խնդիրների հաղթահարմանը: Սկավառակում տեղ են գտել թվով ութը տեսանյութեր, որոնք անդրադառնում են մի շարք խնդիրների պարզաբանմանը՝ դիրքերին, կթելու կանոններին, կաթի կանգ, մաստիտ, ճաքեր և այլն: Տեսանյութերը նույնպես հասանելի են համացանցում՝ https://goo.gl/rMHQSG

 

Ամռան ամիսներին DVD սկավառակները տրամադրվել են հղի կանանց և մայրիկներին Երևանի, Կապանի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Գավառի, Սևանի, Ալավերդիի և այլ քաղաքների ԲԿ-ներում ու մանկական պոլիկլինիկաներում:

 

Ս.թ. օգոստոսի 4-ին սկավառակները կտրամադրվեն Դալմա մոլի այցելու մայրիկներին, իսկ օգոստոսի 5-ին՝ Երևան մոլի այցելուներին: Երկու մոլում էլ գործում են հատուկ տարածքներ, որտեղ մայրիկները կարող են հանգիստ միջավայրում կերակրել իրենց փոքրիկներին: