Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն

Երևան, 9-ըհունվարի, 2018թ. – Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:
 
«Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը շարունակելուն, որի աջակցության շնորհիվ փրկվում են երեխաների կյանքեր, պաշտպանվում են նրանց իրավունքները և իրագործվում նրանց ներուժը», - նշել է Ֆորը։
 
Տիկին Ֆորն այս պաշտոնում նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (Antonio Guterres) կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարման խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:
 
Մինչ այդ նա եղել է արտադրությամբ և ներդրումներով զբաղվող «Հոլսման Ինտերնեշընլ» (Holsman International) ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Ազգությամբ ամերիկացի Ֆորը 2007-2009թթ.-ին միաժամանակ եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարն ու ԱՄՆ պետդեպարտամենտի օտարերկրա պետությունների աջակցության ծրագրի տնօրենը։ 2005-2007թթ.-ին նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարը կառավարման և գործառնական հարցերով:
 
Հենրիետա Ֆորն ավարտել է Վելեսլի քոլեջը (Wellesley College) և ունի բակալավրի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ և հանրային կառավարման մագիստրոսի աստիճան, որը ստացել է Հյուսիսային Կոլորադոյի համալսարանում (University of Northern Colorado)։

Հ. Ֆորն ամուսնացած է և ունի չորս երեխա։

######

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org