Հայաստանում առաջին զանգվածային ներառական սպորտային մրցաշարը միավորում է 170 հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների

17-ը մայիսի, 2017թ. Երևան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Հատուկ օլիմպիադաներ Եվրոպա/Եվրասիայի» աջակցությամբ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նախատեսված՝ Հայաստանի առաջին ներառական սպորտային մրցաշարի եզրափակիչ փուլը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառումը համախմբեց 170 երեխաների և ընտանիքների, Երևանի 17 դպրոցների տնօրենների և ֆիզիկական կրթության ուսուցիչների, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից կամավորների, ինչպես նաև՝ գործընկեր կազմակերպությունների:


«Յուրաքանչյուր երեխա խաղալու, սովորելու և հասարակության մեջ ներառվելու իրավունք ունի: Շատ հաճախ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները ազատվում են ֆիզկուլտուրայի դասերից, ինչը կանխում է նրանց ներուժի զարգացումը և իրենց հասակակիցների հետ շփումը: Այս ծրագրի միջոցով մենք փորձեցինք ստեղծել թիմային աշխատանք խրախուսող ուրախ միջավայր՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծանոթության և շփման համար: Միևնույն ժամանակ, սա քիչ ծախսատար մոդել է, որը կարող է հեշտությամբ կիրառվել ներառական դպրոցներում՝ ներառական համայնքային ոգի կառուցելու և համայնքի մասնակիցներին ներգրավելու համար»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:


Շուրջ մեկ տարվա ընթացքում, 2016-2017թթ.-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կամավորների աջակցության շնորհիվ` 8-14 տարեկան երեխաները մասնակցել են իրենց համայնքներում իրականացվող ներառական սպորտային միջոցառումներին: Ծրագիրը Հայաստանում առաջինն է և հիմք կծառայի ապագայում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար:


Ծրագրի մաս է կազմում նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը` ուղղված ուսուցիչներին ներառական սպորտային մոդելի ստեղծման մասին գիտելիքների տրամադրմանը:


 «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին մենք վերապատրաստել ենք Երևանի 17 դպրոցների թվով 34 ֆիզիկական կրթության ուսուցիչների: Նաև, նպատակ ունենալով վերապատրաստել ապագա ուսուցիչների, ծրագրի մեջ ներառել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 20 ուսանողների»,- տեղեկացրեց «Հայկական հատուկ օլիմպիադաներ»-ի գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը: «Ֆուտբոլը ավելին է, քան պարզապես սպորտաձև: Այն միավորում է երեխաներին և ցուցադրում է յուրաքանչյուր երեխայի իրական խառնվածքը` մեզ հնարավորություն տալով կենտրոնանալ երեխաների ունակությունների վրա»:


Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Հատուկ oլիմպիադաներ»-ը ծրագրի մասին հաշվետվությունը կներկայացնեն Կրթության և գիտության նախարարությանը և կքննարկեն այլ ներառական դպրոցների՝ տվյալ մոդելից արդյունավետ կերպով օգտվելու հնարավորությունները: 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:


Հատուկ օլիմիպիադաների մասին
Հատուկ օլիմիպիադաները, որը հիմնադրվել է 1968թ.՝ Յունիս Քենեդի Շրայվերի կողմից, աշխարհի ամենամեծ միջազգային կազմակերպությունն է, որը սպորտն օգտագործում է որպես մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների սոցիալական ներառման գործիք: Իր գործունեության առանցքում դնելով համայնքային ծրագրերը, դպրոցական կրթությունը, առողջության բարելավումն ու հանրության վերաբերմունքի փոփոխությունը՝ «Հատուկ օլիմպիադաներն» արդեն իսկ ապացուցել է անհատների կյանքն ու համայնքները փոխելու իր արդյունավետությունը: 169 երկրներում ավելի քան 4.7 միլիոն մարզիկներ մարզվում և մրցում են օլիմպիական ոճի 30 ամառային և ձմեռային սպորտաձևերում՝ մասնակցելով տեղական, ազգային և միջազգային նշանակության միջոցառումների: