Համայնքների դիմակայունության և դպրոցների անվտանգությանն առնչվող տվյալների հավաքումը Հայաստանում

Երևան, 31-ը հուլիսի 2017թ.:  ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը (ECHO), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը ս.թ. օգոստոսի 1-ին կներկայացնեն աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բաղադրիչի հիմնական արդյունքները: Ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում, սկիզբը՝ ժամը 11:00:

 

2016-2017թթ.-ին, նպատակ ունենալով նպաստել համայնքային և ազգային մակարդակներում աղետների ռիսկի կառավարման ու արտակարգ իրավիճակներում պատրաստվածության բարելավմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, ինչպես նաև` այլ տեղական և միջազգային շահառուների հետ: 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կներկայացնեն դպրոցների անվտանգության նոր մոդուլը (safe.schoolnet.am)՝ քննարկելով Հայաստանի դպրոցների անվտանգության վարկանիշավորումը, հաշվի առնելով այն փաստը, որ հանրային դպրոցների շենքերի շուրջ 80 տոկոսը գնահատվել են որպես միջին կամ բարձր խոցելիություն ունեցող շենքեր ու հրատապ ուշադրության կարիք ունեն:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը կներկայացնեն Տավուշի մարզի Խաշտարակ, Գետահովիտ և Ենոքավան համայնքներում ռիսկի կառավարման մեթոդաբանության փորձնական կիրառման արդյունքները:

 

###

 

ԴԻՊԵԿՈ IV

«ՀարավայինԿովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» տարածաշրջանային ծրագիրը ֆինանսավորովում է, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը (ECHO) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից: 2016-2017 թթ. Ծրագիրը Հայաստանում իրականացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ/Օքսիջեն հիմնադրամի, Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության և Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմի հետ համագործակցության միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է եղել բարձրացնել երեխաների և համայնքների դիմակայունությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը աղետավտանգ վայրերում: