Ծանոթ դեմք. Բռնությունը երեխաների եւ դեռահասների կյանքում

Բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինելու բռնությունից, որը նրանց նկատմամբ կկիրառի որեւէ մեկը՝ լինի դա ծնող, ուսուցիչ, ընկեր, թե անծանոթ անձ։ Եվ երեխաների նկատմամբ կիրառվող բռնության բոլոր ձեւերը, անկախ բռնության գործողության բնույթից կամ ծանրությունից, վնասակար են։ Դրանից բխող անտեղի վիրավորանքից եւ ցավից զատ՝ բռնությունը խաթարում է երեխայի ինքնագնահատականը եւ խոչընդոտում նրա զարգացումը։

 

Այսուհանդերձ, երեխաների նկատմամբ բռնությունը հաճախ ներկայացվում է որպես անհրաժեշտ կամ անխուսափելի։ Երեխաների նկատմամբ բռնությունը կարող է լռելյայն ընդունվել՝ բռնությունը կիրառողների ծանոթ լինելու պատճառով, կամ համարվել ոչ էական։ Բռնության հիշողությունը  կարող է թաքցվել կամ դրա մասին հաղորդումը կարող է չտրվել ամոթի կամ ճնշման ենթարկվելու վախի պատճառով։ Բռնություն գործադրողների անպատժելիությունը եւ բռնության ենթարկվելու տեւականությունը տուժողների մոտ կարող է ստեղծել համոզմունք, որ բռնությունը նորմալ է։ Այդպիսի եղանակներով բռնությունը քողարկվում է՝ դժվարացնելով դրա կանխարգելումն ու դրան վերջ տալը։

 

Արժանահավատ տվյալների անբավարարությունը միայն խորացնում է այս հիմնախնդիրը։ Երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրումը բարդ գործ է, որը կապված է էթիկական եւ մեթոդաբանական դժվարությունների հետ։ Այդուամենայնիվ, վերջին մի քանի տարվա ընթացքում կարեւոր առաջընթաց է արձանագրվել երեխաների նկատմամբ բռնության մասշտաբը եւ ծանրությունը փաստաթղթավորելու գործում։

 

«Ծանոթ դեմք. Բռնությունը երեխաների եւ դեռահասների կյանքում» զեկույցն օգտագործում է վերջին տվյալները՝ լույս սփռելու բռնության չորս առանձին ձեւերի վրա. դաստիարակության բռնի մեթոդներ եւ ընտանեկան բռնություն վաղ մանկության տարիներին, բռնություն դպրոցում, բռնի մահվան դեպքեր դեռահասների շրջանում, սեռական  բռնություն մանկության եւ պատանեկության տարիներին։

 

Վիճակագրական տվյալները բացահայտում են, որ երեխաները բռնության են ենթարկվում մանկության բոլոր փուլերում, տարատեսակ հանգամանքներում, եւ հաճախ՝ իրենց վստահությունը վայելող այնպիսի անձանց կողմից, որոնց հետ նրանք ունեն ամենօրյա շփում։

 

Ապահովելը, որ բռնությունն իր բոլոր դրսեւորումներով արձանագրվի հիմնավոր տվյալների միջոցով, դրա վերացման ուղղությամբ առաջին քայլն է։

 

 

ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ[i]

 

Դաստիարակության բռնի մեթոդներ եւ ընտանեկան բռնություն վաղ մանկության տարիներին[ii]

• Աշխարհով մեկ 2-ից 4 տարեկան գրեթե 300 միլիոն երեխաների նկատմամբ (4 երեխայից 3-ը) իրենց խնամողների կողմից պարբերաբար կիրառվում են դաստիարակության բռնի մեթոդներ. 250 միլիոն երեխա (10 երեխայից մոտ 6-ը) ենթարկվում են ֆիզիկական պատժի։ • Բազմաթիվ երեխաների դեպքում դաստիարակության բռնի մեթդների կիրառումը  սկսվում է նույնիսկ ավելի վաղ հասակում։ Համաձայն 30 երկրներից ստացված տվյալների, 12-ից 23 ամսական 10 երեխայից 6-ի նկատմամբ կիրառվում են դաստիարակության բռնի մեթոդներ։ Այս մանկահասակ երեխաների գրեթե կեսը ենթարկվում է ֆիզիկական որևէ պատժի, եւ համանման համամասնությամբ երեխաների էլ խոսքով վիրավորանք է հասցվում։

• Ամբողջ աշխարհում՝ մինչեւ 5 տարեկան 4 երեխայից 1-ը (176 միլիոն) ապրում է մոր հետ, որը տուժում է սեռական զուգընկերոջ կողմից գործադրված բռնությունից։

• Գլոբալ մասշտաբով՝ 1.5 միլիարդ խնամող (կամ մի փոքր ավելին, քան 4-ից 1-ը) կարծում է, որ ֆիզիկական պատիժն անհրաժեշտ է՝ երեխաներին ճիշտ մեծացնելու կամ դաստիարակելու համար։

• Միայն 59 երկիր է ընդունել օրենսդրական ակտ, որը լիովին արգելում է տանը երեխաների նկատմամբ ֆիզիկական պատժի կիրառումը, ինչը մինչեւ 5 տարեկան ավելի քան 600 միլիոն երեխայի թողնում է առանց լիարժեք իրավական պաշտպանության։

 

Բռնությունը դպրոցում[iii]

• Ամբողջ աշխարհում 13-15 տարեկան 3 աշակերտից ավելի քան 1-ը (գրեթե 130 միլիոն) պարբերաբար ենթարկվում է բուլիինգի (հալածանքի) -

• Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի 39 երկրներում 10 դեռահասից գրեթե 3-ը (17 միլիոն) ընդունում է, որ դպրոցում հալածում է այլ երեխաների:

• 2015 թվականին ամբողջ աշխարհում 14 երկրներում կամ տարածքներում արձանագրվել է դպրոցների վրա հարձակումների կամ բռնության սպառնալիքների շուրջ 500 դեպք:

• Վերջին 25 տարվա ընթացքում 14 երկրում գրանցվել է դպրոցներում կրակոցների 59 դեպք, որոնց պատճառով հաղորդվել է առնվազն մեկ մահվան ելքի մասին:  Այս դեպքերի 4-ից համարյա 3-ը տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում:

• 6-17 տարեկան դպրոցահասակ բնակչության կեսը (732 միլիոն) ապրում է այնպիսի երկրում, որտեղ ֆիզիկական պատիժը դպրոցներում լիովին արգելված չէ:

 

 

Բռնի մահվան դեպքերը դեռահասների շրջանում[iv]

• Յուրաքանչյուր 7 րոպեն մեկ աշխարհում ինչ-որ տեղ բռնարարքի հետեւանքով սպանվում է մեկ դեռահաս:  Միայն 2015 թվականին ամբողջ աշխարհում բռնությունը խլել է շուրջ 82,000 դեռահասի կյանք: 15-19 տարեկաններն առանձնապես խոցելի են, որոնց՝ բռնարարքի հետեւանքով մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան 10-14 տարեկան դեռահասների շրջանում:

• Դեռահասների շրջանում մահվան դեպքերն ավելի շատ միջանձնային, քան կոլեկտիվ բռնության հետեւանք են: 2015 թվականին 3 զոհից գրեթե 2-ը մահացել են սպանության հետեւանքով, իսկ մնացածը սպանվել են հակամարտությունների պատճառով:

• Թեեւ ամբողջ աշխարհի դեռահասների միայն 6%-ն է ապրում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, 2015 թվականին կոլեկտիվ բռնության հետեւանքով մահացած դեռահասների ավելի քան 70%-ը ապրում էր այս տարածաշրջանում, որտեղ մահացության ցուցանիշը սաստիկ աճել է 2011 թվականից սկսած: Եթե բոլոր դեռահասները բախվեին կոլեկտիվ բռնության հետեւանքով մահանալու այնպիսի ռիսկի հետ, ինչին բախվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ապրողները, ապա աշխարհում դեռահասների մահ կգրանցվեր 10 վայրկյանը մեկ:

• Լատինական Ամերիկան ու Կարիբյան ավազանը այն միակ տարածաշրջանն է, որտեղ 2007 թվականից ի վեր ավելացել է (թեեւ հարաբերականորեն քիչ) 10-19 տարեկան դեռահասների շրջանում սպանությունների ցուցանիշը:  Ամբողջ աշխարհի դեռահասների գրեթե 10%-ն է ապրում այս տարածաշրջանում, սակայն 2015 թվականին դեռահասների շրջանում տեղի ունեցած բոլոր սպանությունների համարյա կեսը տեղի է ունեցել այնտեղ: Դեռահասների շրջանում սպանությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող բոլոր հինգ երկրներն էլ գտնվում են Լատինական Ամերիկայում:

• Միացյալ Նահանգներում լատինամերիկյան ծագում չունեցող 10-19 տարեկան դեռահաս սեւամորթ տղաների շրջանում (100,000-ից 30.0-ը) սպանությունների ցուցանիշը գրեթե 19 անգամ ավելի բարձր է, քան լատինամերիկյան ծագում չունեցող սպիտակամորթ դեռահաս տղաների շրջանում (100,000-ից 1.6-ը):  Եթե լատինամերիկյան ծագում չունեցող սեւամորթ դեռահաս տղաների շրջանում տեղի ունեցող սպանությունների ցուցանիշը կիրառվեր ամբողջ երկրի նկատմամբ, ապա Միացյալ Նահանգները կլիներ աշխարհում ամենասոսկալի երկրների տասնյակում: 2015 թվականին Միացյալ Նահանգներում սեւամորթ դեռահաս լինելու պատճառով սպանվելու ռիսկն ավելի բարձր էր, քան հակամարտությունների հետեւանքով տուժած երկրներում կոլեկտիվ բռնության հետեւանքով սպանվելու ռիսկը:  Միացյալ Նահանգներում լատինամերիկյան ծագում չունեցող սեւամորթ աղջիկները նույնպես բախվում են սպանության բարձր ռիսկի հետ, որտեղ ցուցանիշը մոտավորապես 5 անգամ ավելի բարձր է, քան լատինամերիկյան ծագում չունեցող դեռահաս սպիտակամորթ աղջիկների շրջանում սպանությունների ցուցանիշը:

 

 

Սեռական բնույթի բռնություն մանկության եւ պատանեկության տարիներին[v]

• Ցածր եւ միջին եկամուտ ունեցող 38 երկրներում գրեթե 17 միլիոն չափահաս կին հաղորդել է, որ մանկության տարիներին հարկադիր սեռական հարաբերությունների փորձ է ունեցել։ Եվրոպական 28 երկրներում մոտ 2.5 միլիոն երիտասարդ կին հաղորդել է մինչեւ 15 տարին լրանալը ֆիզիկական կոնտակտով եւ առանց ֆիզիկական կոնտակտի սեռական բռնության ձեւերի ենթարկվելու սեփական փորձի մասին։

• Ամբողջ աշխարհում 15-ից 19 տարեկան մոտ 15 միլիոն անչափահաս աղջիկ իր կյանքի ընթացքում ունեցել է հարկադիր սեռական հարաբերությունների փորձ. այս աղջիկներից 9 միլիոնը տուժել է անցած մեկ տարվա ընթացքում։

• 20 երկրներում միջին հաշվով անչափահաս 10 աղջիկներից գրեթե 9-ը, որոնք երբեւէ հարկադրվել են սեռական հարաբերությունների, նշել է, որ դա առաջին անգամ տեղի է ունեցել դեռահասության շրջանում։

• 28 երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ միջին հաշվով 10 անչափահաս աղջիկներից 9-ը, որոնք ունեցել են հարկադիր սեռական հարաբերությունների փորձ, հաղորդել են, որ առաջին անգամ դա գործադրողը եղել է մտերիմ/ծանոթ մեկը։

• Ընկերները/ համադասարանցիները եւ զուգընկերները դեռահաս տղաների նկատմամբ սեռական բնույթի բռնություն գործադրողներից ամենահաճախ հիշատակվողն են։

• Համաձայն 30 երկրներից ստացված տվյալների, հարկադիր սեռական հարաբերությունների փորձ ունեցած անչափահաս աղջիկների միայն 1 տոկոսն է դիմել մասնագիտական օգնություն ստանալու համար։

  

 

Չնայած վերջին տասնամյակի ընթացքում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների առկայության իմաստով արձանագրվել է նշանակալի բարելավում, բռնության որոշ ձեւեր դեռեւս թերի են հետազոտված։

 

 

ՎՏԱՆԳՎԱԾ ՍԵՐՆԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Կայուն զարգացման «Օրակարգ 2030»-ը պարունակում է մի համարձակ ու հավակնոտ կոչ՝ վերջ դնելու երեխաների նկատմամբ բռնությանը՝ դրա վերացումը ճանաչելով որպես կայուն զարգացման առանցքային բաղադրիչ։ Այս համընդհանուր հրամայականին հասնելու ուղղությամբ առաջին կարեւորագույն քայլը կոնկրետ գործողությունների ձեռնարկումն է, որպեսզի լուծում ստանան գլոբալ, ազգային եւ տեղական մակարդակներում առկա բազմապիսի նպաստող գործոնները։ Առանցքային գործոնների թվում են սրված տնտեսական եւ սոցիալական անհավասարությունները, սոցիալական եւ մշակութային նորմերը, որոնք աչք են փակում բռնության վրա, համարժեք քաղաքականությունների եւ օրենսդրության պակասը, տուժածների համար նախատեսված ծառայությունների անբավարարությունը եւ սահմանափակ ներդրումները բռնության կանխարգելման ու դրան արձագանքման արդյունավետ համակարգերում։

 

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եւ դրան արձագանքման կոնկրետ գործողությունների եւ ռազմավարությունների թվում են հետեւյալը.

 

Աջակցություն համակարգված ազգային ծրագրերին եւ գործողություններին՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության նվազեցմանը

Անհրաժեշտ են համատեղելի եւ լավ համակարգված ազգային ծրագրեր եւ դրանցից բխող գործողություններ՝ նվազեցնելու վաղ մանկության տարիներից մինչեւ դեռահասություն թե՛ աղջիկների եւ թե՛ տղաների նկատմամբ բռնության մշտապես բարձր մակարդակները։ Բռնության հետեւողական կանխարգելումը պահանջում է համապարփակ, համակարգված բազմոլորտ նախաձեռնություններ, որոնց մեջ կներգրավվեն ինչպես կառավարությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը։[vi] Այս նախաձեռնությունները պետք է հիմնվեն փաստական տվյալների վրա և հաշվի առնեն, թե հատկապես որ միջամտություններն են արդյունավետորեն կանխարգելում եւ արձագանքում երեխաների նկատմամբ ամենօրյա կյանքում կիրառվող բռնության բազմաթիվ ձեւերին։

 

Իրավական դաշտի եւ քաղաքականությունների շրջանակի հզորացում

Անհրաժեշտ է, որ  կառավարություններն ուժեղացնեն իրավական դաշտը եւ որդեգրած քաղաքականությունների շրջանակները, որոնք երեխաներին պաշտպանում են բռնության, շահագործման եւ չարաշահման տարբեր ձեւերից, որոնց նրանք բախվում են մանկության ողջ ընթացքում. անհրաժեշտ է այս ջանքերը սատարել հիմնավոր մշտադիտարկմամբ եւ կիրարկմամբ։ Այն կառավարություններին, որոնք մինչ օրս այդպես չեն վարվել, հարկ է խրախուսել՝ ընդունել եւ կիրարկել օրենսդրություն, որը երեխաներին կպաշտպանի բռնության բոլոր ձեւերից, ներառյալ ֆիզիկական պատիժը՝ բոլոր հանգամանքներում, նույնիսկ տանը, եւ գործադրված ցանկացած անձի կողմից, ներառյալ՝ ուսուցիչների եւ դպրոցի այլ աշխատակիցների։ Կառավարություններին նաեւ խորհուրդ է տրվում աղջիկների եւ տղաների նկատմամբ սեռական բնույթի չարաշահումների եւ շահագործման բոլոր ձեւերը դասել քրեական հանցագործությունների շարքին։

 

Փոխել այն նորմերը, որոնք ծնում են բռնություն

Ազգային մոտեցումները պիտի անդրադառնան հասարակության մեջ արմատացած այն համոզմունքներին եւ վերաբերմունքին, որոնք թույլ են տալիս երեխաների նկատմամբ բռնության շարունակական կրկնությունը՝ ցանկացած հանգամանքներում, ներառյալ տանը, դպրոցում, համայնքում կամ առցանց։

Քանի որ ծնողներին ուղղված ծրագրերը ցույց են տվել բռնությանն առնչվող նորմերը փոխելու հեռանկար, կենսական նշանակություն ունի այն, որ համապետական մակարդակով ուշադրությունը սեւեռվի վաղ մանկության զարգացման որակյալ, համապարփակ ծրագրերի շուրջ, որոնք կօգնեն ստեղծել ծնող-երեխա դրական հարաբերություններ եւ նվազեցնել ծնողների կողմից կիրառվող կոպիտ մեթոդները։ Էական տարրերի թվում են՝ ծնողների ու խնամողների կրթությունը եւ խորհրդատվությունը դրական ծնողավարման այնպիսի եղանակների շուրջ, ինչպիսիք են դաստիարակության ոչ բռնի մեթոդների եւ հաղորդակցության արդյունավետ ու զգայուն հնարքների կիրառումը երեխաների ու դեռահասների հետ գործ ունենալիս։ Իդեալական դեպքում աջակցությունն ինտեգրված է ընտանիքների կյանքում՝ տնային այցելությունների, համայնքային խմբերի կամ սոցիալական ապահովության եւ առողջապահության տեղական համակարգերի միջոցով։

Ի հավելումն, երկրները կարող են աջակցել դպրոցահեն այն ծրագրերին, որոնք ներգրավում են տեղական համայնքները՝ կանխարգելելու եւ արձագանքելու բռնության դեպքերին։ Երեխաների եւ դեռահասների կյանքում վիրտուալ հաղորդակցության աճող կարեւորությունը հաշվի առնելով՝ տարեկիցների կողմից բուլիինգի կրճատմանն ուղղված ազգային քաղաքականությունը եւ ծրագրերը պետք է ուղղված լինեն թե՛ առցանց եւ թե՛ համացանցից դուրս գործող համայնքներին։ Միեւնույն ժամանակ՝ կրթական համակարգերը պետք է կատարելագործեն գենդերային խնդիրներին արձագանքման իրենց քաղաքականությունները՝ նպաստելու հավասարապես աղջիկների եւ տղաների համար ուսումնառության ավելի ապահով միջավայրերի ստեղծմանը։

 

Կենսագործել քաղաքականություններ՝ սանձելու բռնությունը եւ բարելավելու ծառայությունները

Համայնքներն ավելի ապահով դարձնելը եւ երեխաների ու դեռահասների համար պաշտպանիչ միջավայրերի ստեղծումն ունեն կենսական նշանակություն։ Սրան հասնելու համար՝ ազգային քաղաքականությունները պետք է սեւեռվեն բռնության կանխարգելման ռազմավարությունների շուրջ, ներառյալ՝ հրազենի եւ այլ զենքերի հասանելիության սահմանափակումը։ Անհրաժեշտ է նաեւ, որ բարելավված սոցիալական ծառայություններն արձագանքեն երեխաների ու դեռահասների բազմազան կարիքներին։ Դրանք պետք է ընդգրկեն մի շարք տարբերակներ տարատեսակ ոլորտներում՝ սկսած իրավապահ մարմինների ու արդարադատության համակարգի կողմից չարաշահումներից տուժած երեխաների նկատմամբ զգայուն վերաբերմունքից, եւ վերջացրած առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգերի կողմից ցուցաբերվող ֆիզիկական եւ սոցիալ-հոգեբանական աջակցությամբ։

Վերապատրաստված սոցիալական աշխատողներով համալրված սոցիալական ծառայությունների արդյունավետ համակարգերը կենսական կարեւորություն ունեն բռնության ենթարկված երեխաների համար ուղեգրում, խորհրդատվություն եւ թերապեւտիկ ծառայություններ ապահովելու հարցում։ Ռիսկի ենթակա երեխաների ու դեռահասների համար պիտի հասանելի լինեն ապահով տարածքներ այն ժամանակ, երբ նրանք չեն գտնվում տանը կամ դպրոցում, որտեղ նրանք հնարավորություն կունենան մասնակցել վերականգնողական եւ մարզական միջոցառումների։ Վերջապես, երեխաները եւ նրանց ծնողները պետք է օժտվեն այնպիսի տեղեկություններով ու գործիքներով, որոնք նրանց թույլ կտան ապահով կերպով հաղորդել բռնության մասին՝ ինչպես անձամբ, այնպես էլ առցանց։

 

Դա յուրաքանչյուրի պարտականությունն է

Տվյալները եւ վերլուծությունը, որոնք ներկայացված են «Ծանոթ դեմք. Բռնությունը երեխաների եւ դեռահասների կյանքում» զեկույցում, նպատակ ունեն ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մտածում եւ խոսում երեխաների նկատմամբ բռնության չափազանց ծանոթ պատկերների մասին։ Հույս կա, որ զեկույցի բացահայտումները կխրախուսեն կառավարություններին, կազմակերպություններին եւ անհատներին՝ ամենուր ճանաչել երեխաների նկատմամբ բռնության ծավալները եւ բազմապատկել իրենց ջանքերը՝ վերջ դնելու դրան՝ որպես մարդու հիմնական իրավունքի եւ հիմնարար արդարադատության խնդիր, ինչպես նաեւ որպես ավելի խաղաղ հասարակություններ ձեւավորելու ճանապարհ։ Այդպիսի ջանքերի համար, գլոբալ մասշտաբով ԿԶՆ հանձնառություններից մինչեւ ազգային քաղաքականություններ ու տեղական նախաձեռնություններ, առանցքային նշանակություն ունի ընկալումը, որ բռնության վերացումը յուրաքանչյուրի պարտականությունն է։

 

Այս համատարած սխալն ուղղելու համար պահանջվելու են անհատական ու հավաքական գործողություններ։

 

####

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝zsargsyan@unicef.org

 
 
 


[i] Տվյալների եւ հաշվարկման մեթոդների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես զեկույցը՝ «Ծանոթ դեմք. Բռնությունը երեխաների եւ դեռահասների կյանքում» ՅՈՒՆԻՍԵՖ, Նյու Յորք, 2017 թվական։

[ii] Բոլոր այս էական փաստերը հաշվարկվել են՝ Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունների (ԺԱՀ/DHS), Բազմակի ցուցանիշներով կլաստերային հետազոտությունների (ԲՑԿՀ/MICS) եւ ազգային մասշտաբով ներկայացուցչական այլ հետազոտությունների հիման վրա, որոնք անց են կացվել 2005-ից 2016 թվականներին։ Օրենսդրության գնահատականը հաշվարկվել է Երեխաների մարմնական պատիժների բոլոր ձեւերի վերացման գլոբալ նախաձեռնությունից ստացված տեղեկությունների հիման վրա։

[iii] Դպրոցում տարեկիցների կողմից ծաղրանքի եւ բուլիինգի մասին գնահատականները հիմնված են 2003-ից 2016 թվականներին անցկացված Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի (HBSC/ԴԵԱՎ) [Health Behaviour in School-aged Children] հետազոտությունների եւ Դպրոցահասակ սովորողների առողջության գլոբալ հետազոտությունների (ԴԱԳՀ/GSHS) տվյալների վրա։ Օրենսդրության գնահատականը հաշվարկվել է Երեխաների մարմնական պատիժների բոլոր ձեւերի վերացման գլոբալ նախաձեռնությունից ստացված տեղեկությունների հիման վրա։ Դպրոցների վրա հարձակումների գնահատականը հաշվարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Երեխաների եւ զինված հակամարտությունների մասին 2016 թվականի զեկույցում արտացոլված տեղեկությունների հիման վրա։ Դպրոցներում հրաձգության դեպքերի գնահատականը հաշվարկվել է Ջորջիայի հարավային համալսարանի պրոֆեսոր Լորա Է. Ագնիչի [Dr. Laura E. Agnich] կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա (առաջին մեջբերումը՝ Gupta, Samarth, School Shootings: An American problem?, Harvard Political Review, 19 April 2015, <http://harvardpolitics.com/special_features/gun.html#fn1>)։ Այս զեկույցի համար վերոնշյալ գնահատականները թարմացվել են պրոֆ. Ագնիչի հետ նամակագրության միջոցով։ Սահմանումների եւ տվյալների հավաքագրման մեթոդաբանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս. Agnich, Laura E., ‘A Comparative Analysis of Attempted and Completed School-Based Mass Murder Attacks’, American Journal of Criminal Justice, vol. 40, no. 1, March 2015, pp. 1–22։

[iv] Բոլոր այս էական փաստերը հաշվարկվել են ԱՀԿ-ի «Առողջապահության վիճակի գլոբալ գնահատականներ, 2015 թվական» զեկույցի հիման վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռահասների շրջանում սպանությունների մակարդակները հաշվարկվել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Առողջապահական վիճակագրության ազգային կենտրոնից ստացված տվյալների հիման վրա։

[v] Բոլոր այս էական փաստերը հաշվարկվել են 2005-ից մինչեւ 2016 թվականն անցկացված Ժողովրդագրության եւ առողջության հարցերի եւ ԲՑԿՀ հետազոտություններից ստացված տվյալների հիման վրա։ Մինչեւ 15 տարեկան անձանց նկատմամբ ֆիզիկական կոնտակտով եւ առանց ֆիզիկական կոնտակտի սեռական բռնության վերաբերյալ գնահատականը հաշվարկվել է Եվրոպական միության Հիմնարար իրավունքների գործակալության [Agency for Fundamental Rights] (ՀԻԳ/FRA) անցկացրած «Կանանց նկատմամբ բռնությունը» 2012 թ. հետազոտության [Violence against Women Survey] արդյունքում ստացված տվյալների հիման վրա, որոնք հասանելի են այստեղ՝ <http://fra.europa.eu/en/publication/2014/violence-against-women-eu-wide-survey-main-results-report>։

[vi] Pais, Marta Santos, Annual Report of the Special Representative of the Secretary-General on Violence against Children, A/HRC/31/20, United Nations, New York, 5 January 2016, para. 9, open PDF from <https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G16/000/90/PDF/G1600090.pdf?OpenElement>.