Լոռու մարզի Ահնիձոր և Մարց գյուղերի երեխաները կհաճախեն իրենց բնակավայրերում գտնվող առաջին նախադպրոցական կրթության կենտրոններ

 

19-ը սեպտեմբերի, 2017թ., Թումանյան, Լոռու մարզ- ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ այսօր Լոռու մարզի Թումանյան քաղաքային համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում բացվեցին երկու նորակառույց վաղ ուսումնառության կենտրոններ:


 
Ահնիձորի և Մարցի երեխաները երբևէ իրենց բնակավայրերում նախադպրոցական կրթություն չեն ստացել: Տվյալ գյուղերի և մոտակա նախադպրոցական կրթական ծառայություններ տրամադրող՝ Թումանյան համայնքային կենտրոնի կամ Լորուտ գյուղի միջև հեռավորությունը 1 ժամ է: Տեղաբնակ 3-ից 6 տարեկան 30, իսկ առաջիկայում առավել մեծ թվով երեխաների համար նորակառույց կենտրոնները կտրամադրեն երեխաների տարիքին համապատասխան կրթություն և զարգացնող միջավայր:


 
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Թումանյանի համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը: Բացման արարողությանը նաև ներկա էին գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի անդամներ, ծնողներ և երեխաներ:


 
«Նախադպրոցական կրթությունը մարզում առաջնահերթություն է՝  հատկապես հեռավոր համայնքներում՝ համայնքների կոնսոլիդացման կոնտեքստում», -նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Դժվար է հիմնել և պահպանել ավանդական տիպի մանկապարտեզներ փոքր և  գյուղական համայնքներում:  Համայնքների, ինչպես նաև խոցելի և համապատասխան զարգացնող միջավայրից զրկված երեխաների համար այս՝ առավել քիչ ծախսեր պահանջող և երկարաժամկետ օգուտներ ունեցող ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոդելը կարող է արդյունավետ կերպով կիրառվել նաև այլ մարզերում»:


 
Կենտրոններում երեխաները ուսուցում կստանան ժամանակակից խմբասենյակներում՝ 10-15 հոգուց բաղկացած փոքր խմբերով: Երեխաների տարիքին համապատասխան զբաղմունքների և խաղերի միջոցով՝ կենտրոնները հնարավորություն կտան երեխաներին սովորել ինտերակտիվ ուսուցման մեթոդներով՝ խմբասենյակներում անցկացնելով օրական մինչև 4 ժամ: Վաղ տարիքի երեխաներին իրենց տարիքին համապատասխան մեթոդներով որակյալ կրթություն տրամադրելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը վերապատրաստել են համայնքի 6 անդամների: Թումանյանի պետական մանկապարտեզը կծառայի որպես մեթոդական կենտրոն՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր համայնքում ապահովել գիտելիքների շարունակականություն:


 
«Վաղ մանկական ուսումնառությունը կյանքում հաջողության հասնելու հիմնաքարն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է երեխաների ուղեղն առավել արագ  զարգանում: Այն չպետք է հասանելի լինի միայն մեծ քաղաքներում ապրող և մեծ մանկապարտեզներ հաճախող երեխաների համար: Երեխաների վաղ մանկության զարգացմանն ուղղված ներդրումները լավագույն ձեռքբերումն են յուրաքանչյուր հասարակության համար», -նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը: «Այս կենտրոնները համայնքի յուրաքանչյուր երեխային կյանքում արդար սկիզբ ունենալու հնարավորություն կտրամադրեն: Մենք հուսով ենք, որ ապագայում Հայաստանի այլ հեռավոր գյուղական համայնքներում ևս նման հնարավորություն կստեղծվի»:


 
Կենտրոնները հիմնադրվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Թումանյան քաղաքային համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) համագործակցության շնորհիվ՝ տարվա սկզբում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
 
Հաջորդ հինգ տարիների ընթացքում Թումանյանի համայնքը հանձն կառնի կենտրոնների պահպանման, ակտիվների կառավարման և նախադպրոցական կրթության ուսուցիչների աշխատավարձերի տրամադրման պարտավորությունը: Մինչ այժմ համայնքը նպաստել է կենտրոնների հիմնադրմանը՝ տրամադրելով կենտրոնների վերանորոգմանն ուղղված տարածք և աշխատուժ:
 
Ս.թ. -ի նոյեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նախատեսում են Թումանյան համայնքի Շամուտ և Աթան բնակավայրերում ևս երկու նմանօրինակ կենտրոն բացել

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org