Ժամանակը սուղ է երեխաների համար, մինչդեռ սովը, երաշտը և պատերազմը վտանգի են ենթարկում միլիոնավոր կյանքեր

ՅՈՒՆԻՍԵֆ-ը մոտ 255 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման շտապ կոչ է անում, Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում տուժածների տարրական կարիքները հոգալու նպատակով

 

Նյու Յորք/Դակար/Նաիրոբի/Ամման, 29-ը մարտի, 2017թ. - Հարավային Սուդանում սովի մասին հայտարարելուց ավելի քան մեկ ամիս անց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հնչեցնում, որ ժամանակն արդեն սուղ է ավելի քան մեկ միլիոն երեխաների համար, ում կյանքը վտանգի տակ է Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Յեմենում տիրող երաշտի և զինված հակամարտությունների պատճառով:

 

«Երեխաները չեն կարող սպասել սովի մասին մեկ այլ հայտարարության, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք», - ասաց Մանուել Ֆոնտենը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրենը: «Մենք 2011թ.-ին, Սոմալիայի օրինակից սովորեցինք, որ մինչ սովի մասին հայտարարության տարածումը, անհայտ թվով երեխաներ արդեն հեռացել էին կյանքից: Դա այլևս չպետք է կրկնվի»:

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այդ չորս երկրներում մոտ 22 միլիոն երեխա գտնվում է սոված, հիվանդ, տեղահանված և դպրոցից դուրս մնացած վիճակում: Ավելին, մոտ 1.4 միլիոն երեխաների կյանքն այս տարի մահվան ռիսկի տակ է թերսնուցման պատճառով:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ին հարկավոր է մոտ 255 միլիոն ԱՄՆ դոլար այս երեխաներին տրամադրելու սնունդ, ջուր, ինչպես նաև առողջապահության, կրթության և պաշտպանության ծառայություններ գալիք ամիսների ընթացքում:

 

Ֆինանսավորման մեծ մասը, մոտ 81 միլիոն ԱՄՆ դոլար, կտրամադրվի սնուցման ծրագրերին, որպեսզի երեխաները սնուցման վիճակի գնահատում անցնեն և, ըստ անհրաժեշտության, ստանան հատուկ թերապևտիկ սնունդ:

 

Լրացուցիչ 53 միլիոն ԱՄՆ ղոլար կհատկացվի առողջապահության ծրագրերին, ներառյալ պատվաստումների իրականացմանը: Փորլուծային վտանգավոր հիվանդությունների կանխարգելման նպատակով մոտ 47 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի մաքուր ջրի և հիգիենայի-սանիտարիայի պայմանների պահպանման ծրագրերի իրականացմանը:

 

Մնացած ֆինանսական միջոցները կուղղվեն հակամարտությունների և տեղահանության հետևանքով տուժված երեխաների պաշտպանությանն ու կրթության ծառայություններին: Առավել խոցելի ընտանիքներին կառաջարկվի սոցիալական աջակցություն նպաստների տեսքով:

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, զինված հակամարտությունը տվյալ ճգնաժամի հիմնական պատճառն է: Հիմնադրամը տվյալ երկրներում բնակվող երեխաների իրավունքների ոտնահարումը դադարեցնելու և տուժած երեխաներին օգնություն հասցնելու համար արգելքների վերացման կոչ է անում: