Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք. ՅՈՒՆԻՍԵՖ

Հեղինակային տարեկան զեկույցն ընդգծում է թվային միջավայրի անհավասար տարածումն ու անդրադառնում երեխաների բարեկեցության և անվտանգության վրա համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցության վերաբերյալ ընթացիկ բանավեճերին


Նյու Յորք, 12-ը դեկտեմբերի, 2017թ. - Չնայած երեխաների զանգվածային ներկայությանը համացանցում, իսկ աշխարհում համացանցի օգտատերերի յուրաքանչյուր երեքից մեկը երեխա է, շատ քիչ բան է արվում պաշտպանելու նրանց թվային աշխարhի վտանգներից, ինչպես նաև` ընդլայնելու անվտանգ առցանց նյութերի հասանելիությունը նրանց համար, ասվում է ՅՈՒՆԻՍԵֆ-ի տարեկան հեղինակային զեկույցում, որ հրապարակվել է այսօր:


Երեխաների իրավիճակն աշխարհում 2017. երեխաները թվային դարում զեկույցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին համապարփակ վերլուծությունն է երեխաների կյանքի վրա թվային տեխնոլոգիաների տարաբնույթ ազդեցության և համացանցի տված հնարավորությունների մասին, որ բացահայտում է համացանցից օգտվելու թե՛ վտանգները, թե՛ տված հնարավորությունները: Զեկույցում ասվում է, որ կառավարություններն ու մասնավոր հատվածը համաքայլ չեն եղել փոփոխության ընթացքի հետ՝ երեխաներին նոր ռիսկերի և վնասների ենթարկելով, ինչպես նաև՝ միլիոնավոր խոցելի երեխաների անտեսելով:


«Բարեբախտաբար, թե դժբախտաբար, թվային տեխնոլոգիաները այսօր մեր կյանքի անքակտելի մասն են կազմում», - նշեց ՅՈՒՆԻՍԵֆ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Թվային աշխարհում, մեր երկուստեք խնդիրն է՝ չեզոքացնել վնասները՝միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով համացանցի առավելությունները յուրաքանչյուր երեխայի համար»:


Զեկույցն ուսումնասիրում է առավելությունները, որ թվային տեխնոլոգիաները կարող են ունենալ ամենախոցելի երեխաների համար, այդ թվում նրանց, ովքեր մեծանում են աղքատության մեջ կամ կրում հումանիտար ճգնաժամերի ազդեցությունը: Հարկավոր է ընդլայնել տեղեկատվության հասանելիությունը այդ երեխաների համար, կարողություններ զարգացնել թվային գիտելիքներ պահանջող աշխատաշուկայում՝ հարթակ տրամադրելուվ կապեր հաստատելու և իրենց տեսակետներն արտահայտելու համար:


Զեկույցում նշվում է, որ միլիոնավոր երեխաներ դրա հնարավորությունը չունեն: Աշխարհի երիտասարդության մեկ երրորդը՝ 346 միլիոն, համացանցից չեն օգտվում՝ խորացնելով անհավասարություններն ու նվազեցնելով այդ երեխաների մասնակցության հնարավորությունն ավելի ու ավելի աճող թվային տնտեսության մեջ:


Զեկույցը նաև ուսումնասիրում է, թե ինչպես է համացանցը մեծացնում երեխաների խոցելիությունը վտանգների և վնասների նկատմամբ, ինչպիսիք են անձնական տեղեկատվության ոչ տեղին օգտագործումը, վնասակար բովանդակությամբ նյութերի հասանելիությունը և կիբերբուլիինգը (cyberbullying): Թվային շարժական տեխնիկայի համատարած օգտագործումը, ինչպես նշվում է զեկույցում, երեխաների ցանցից օգտվելը պակաս վերահսկելի է դարձնում և հետևաբար՝առավել վտանգավոր:


Դեռ առվելին, թվային ցանցերը, ինչպիսին է, օրինակ, Սև ցանցը (Dark Web), շահագործման և չարաշահման համար պարարտ հող են ստեղծում, այդ թվում՝ թրաֆիքինգի և առցանց սեռական մանկական չարաշահման համար:


Զեկույցում ներկայացված են երեխաների՝ ցանցից օգտվելու վերաբերյալ ընթացիկ տվյալներ և երեխաների բարեկեցության վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ վերլուծություններ, ինչպես նաև անդրադարձ է կատարվում երեխաների՝ «թվային միջավայրից» կախմանը և ուղեղի զարգացման վրա էկրանի հնարավոր ազդեցության մասին օրեցօր ավելացող բանավեճերին:

 
Զեկույցում տեղ են գտել նաև հետևյալ փաստերը.

  • - Համացանցից օգտվող բնակչության ամենամեծ խումբը երիտասարդներն են: Աշխարհում նրանց 71 տոկոսն առցանց է, ողջ բնակչության 48 տոկոսի համեմատ:
  • - Աֆրիկայի երիտասարդությունն ամենաքիչն է օգտվում համացանցից: Այն հասանելի է յուրաքանչյուր 5-ից 3-ին: Մինչդեռ Եվրոպայում այն հասանելի չէ յուրաքանչյուր 25-ից 1-ին:
  • - Բոլոր վեբ կայքերի գրեթե 59 տոկոսն անգլերեն լեզվով են, և շատ երեխաներ չեն կարող գտնել իրենց հասկանալի կամ իրենց մշակույթի պահանջներին համապատասխանող նյութեր:
  • - Աշխարհի սեռական չարաշահման հղումների 10-ից առավել քան 9-ը տեղակայված են հինգ երկրներում ՝ Կանադայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զեկույցում ասվում է, որ միայն կառավարություների, մասնավոր հատվածի, երեխաների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ընտանիքների և հենց իրենց՝ երեխաների համատեղ ջանքերի միջոցով կարելի է հավասարեցնել թվային հարթակի հասանելիությունն ու դարձնել համացանցն ավելի անվտանգ և հասանելի երեխաների համար:


Ավելի արդյունավետ քաղաքականության մշակման ու ավելի պատասխանատու բիզնես գործընթացների համար առաջարկվում են հետևյալ գործնական քայլերը՝

  • 1. Մատչելի և բարձրորակ համացանցը հասանելի դարձնել բոլոր երեխաներին:
  • 2. Պաշտպանել երեխաներին համացանցի վտանգներից, այդ թվում՝ չարաշահումից, շահագործումից, թրաֆիքինգից, կիբերբուլիինգից, ինչպես նաև՝ տարիքին չհամապատասխանող նյութերից
  • 3. Պաշտպանել երեխաների անձնական տվյալներն ու առցանց ինքնությունը
  • 4. Տրամադրել թվային գրագիտություն, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն, իսկ համացանցից օգտվելիս՝ պաշտպանված
  • 5. Կիրառել մասնավոր հատվածի լծակներն՝ էթիկական  չափորոշիչներն ու քայլերը բարելավելու համար, որոնք պաշտպանում են երեխաներին համացանցից օգտվելիս ի շահ բոլոր երեխաների
  • 6. Երեխայակենտրոն թվային քաղաքականություն մշակել:

 

«Համացանցը ստեղծվել է մեծահասակների համար, բայց երեխաների ու դեռահասների կողմից դրա կիրառումն օրեցօր մեծանում է, իսկ թվային տեխնոլոգիաների ազդեցությունը նրանց կյանքի և ապագայի նկատմամբ՝ աճում: Այնպես որ, թվային քաղաքականությունը, գործնական քայլերն ու թվային արտադրանքը պետք է ավելի շատ համապատասխանեն երեխաների կարիքներին, նրանց տեսլականին՝ հաշվի առնելով նրանց ձայնը», նշեց Լեյքը: