Ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքը և կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաները Հայաստանում

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ սույն թվականի մայիսի 15-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ճեպազրույց կազմակերպեց լրատվամիջոցների հետ` քննարկելու երեխայի խնամքի համակարգում ներկայումս ընթացող բարեփոխումները, այն է՝ կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունները։  Արդեն երկու տարի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Խոցելի երեխաների սոցիալական ներառում» ծրագիրը: Այդ ընթացքում Հայաստանում վերակազմավորվել են թվով հինգ, փակվել մեկ խնամքի հաստատություն, ինչպես նաև` ստեղծվել են խնամքի այլընտրանքային ծառայություններ: Անշուշտ վերակազմավորված հաստատություններից այլընտրանքային  ծառայությունների կայացման գործընթացը դեռևս շարունակվում է, քանի որ աշխատանքներ են տարվում թե՛ հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաներին աջակցության և թե՛ ստեղծվող այլընտրանքային կենտրոններում մասնագիտական ծառայությունների կայացման ուղղությամբ:

 

Այնուամենայնիվ, 3,500 երեխա դեռ բնակվում է խնամքի և պաշտպանության պետական հաստատություններում, ինչը բացասաբար է ազդում նրանց զարգացման վրա: Մասնավորապես՝ 633 երեխա ապրում է վեց մանկատներում, որոնցից 450-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, ովքեր մասնագիտացված խնամքի կարիք ունեն: 541 երեխա ապրում է 6 գիշերային խնամքի կենտրոններում, իսկ 2047 երեխա կրթվում է հանրապետության 21 հատուկ դպրոցներում:

 

Խնամքի հաստատությունների վերակազմավորման ընթացիկ բարեփոխումը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝առանց ծնողական խնամքի մնացած երեխաների վերաինտեգրումը հասարակություն՝ նախապատվություն տալով խնամատար ընտանիքներին: Միայն դրանց անհնարինության դեպքում՝ որպես վերջին այլընտրանք, թույլատրվելու է երեխաներին ժամանակավորապես տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող փոքր հաստատությունում։  

 

Քննարկումը մեկնարկեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, ԱՄՆ ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը և Հայաստանում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ովքեր կարևորեցին սիրող ընտանիքի դերը յուրաքանչյուր երեխայի կյանքում: «Երեխայի խնամքի բարեփոխումը բավականին երկար գործընթաց է, մեկ նպատակին, այն է՝ ունենալ երեխայի և ընտանիքի աջակցության ծառայություններ յուրաքանչյուր մարզում և քաղաքում»,- նշեց փոխնախարարը: Երկարաժամկետ հեռանկարում այլընտրանքային ընտանեկան խնամքը ծախսերի տեսանկյունից ամենաարդյունավետ լուծումն է: Դոնորները կարող են հոգալ անցումային ծախսերը, մինչդեռ պետությունը պետք է հոգա դրանց պահպանման համար:

 

Քննարկմանը մասնակցում էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրեցին ծրագրային ձեռբերումները: Այսպես՝ վերջին տարում՝

 

       խորքային գնահատում, որի արդյունքում 60 երեխա վերադարձել է ընտանիք

 

       Սեյվ դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակը կառավարությանն է ներկայացրել խնամատարության մասին ամբողջական իրավական փաթեթ և

օրենքի նախագիծ

 

       Հույսի կամուրջ ՀԿ-ն իրականացրել է ներառական կրթության գծով վերապատրաստում Սյունիքի մարզի ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի

Գորիսի և Կապանի մասնաճյուղերի բոլոր 18 մասնագետների, 102 դպրոցների 1670 ուսուցիչների համար, ինչպես նաև՝ դպրոցների բոլոր

աշակերտների ծնողների հետ ներառականության մթնոլորտի ամրապնդման թեմայով հանդիպում վարել

 

       ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը իրականացրել է 90 սոցիալական դեպք վարողների, 73 պոտենցիալ խնամատար ծնողների վերապատրաստում:

 

Ճեպազույցին նաև մասնակցեցին Բաբկեն Պետրոսյանը և Քնարիկ Անտոնյանը, ովքեր ավելի քան մեկ տասնամյակ եղել են խնամատար ծնողներ: Թեև արդեն չափահաս է, երեխան շարունակում է լինել խնամատար ընտանիքի տան անդամ, իսկ այժմ ծառայում է ՀՀ ինված ուժերում:

 

2017-2018թթ. ծրագրի ուշադրության կենտրոնում է Լոռու մարզը: Այստեղ 66 երեխա ապրում է Վանաձորի մանկատանը, 106 երեխա ապրում է Վանաձորի գիշերային խնամքի և պաշտպանության հաստատությունում, հինգ երեխա ապրում է խնամատար հինգ ընտանիքներում: Մարզում արդեն վերապատրաստվել են 40 պոտենցիալ խնամատար ծնողներ:

 

Ճեպազրույցի ընթացքում գործընկերները շեշտեցին, որ երեխայի խնամքի համակարգի հիմնաքարային ուղղություններից մեկն այն է, որ վերակազմավորված հաստատություններից ստեղծվող այլընտրանքային ծառայությունները աջակցեն ոչ միայն հաստատություններից դուրս բերված երեխաներին, այլ նաև՝ համայնքում ապրող և այդ աջակցության կարիքն ունեցող մյուս բոլոր երեխաներին և իրենց ընտանիքներին: Գործընկերները նշեցին նաև, որ հասարակության յուրաքանչյուր անդամ դերակատարում ունի այս հարցում: Շատ հաճախ անհատ քաղաքացիները, մասնավոր հատվածի և սփյուռքի ներկայացուցիչները աջակցում են հաստատություններին, երբ փոխարենը կարելի է աջակցել խոցելի ընտանիքներին և երեխաներին՝ կանխելով երեխաների՝ հաստատություններում տեղավորելը: Դրան զուգահեռ հասարակությունը պետք է վերանայի վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հանդեպ: Հաշմանդամությունն ու աղքատությունը չպետք է երեխային հաստատություն ուղարկելու պատճառ դառնան:

 

###