ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ Միջազգային խորհրդաժողով Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3-ընոյեմբերի, 2017թ. – Այսօր Երևանում ամփոփվեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի՝ երեխայի իրավունքի ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմաններ:

 

Խորհրդաժողովը մեկնարկեց երեկ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը:

 

«Չնայած տարիների բարեփոխումներին, խնամքի մեծ հաստատությունների ժառանգությունը դեռևս ամուր է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները: Սա երեխայի իրավունքի խնդիր է»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:«Այս խորհրդաժողովը մեզ եզակի հնարավորություն է ընձեռում սովորելու միմիանց փորձից և ներկայացնելու հայաստանյան ձեռբերումներն ու մարտահրավերները»:

 

«ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունն ու մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են: Երեխայի զարգացման համար ավելի լավ միջավայր քան ընտանիքն է, թերևս անհնար է գտնել», - բացման խոսքի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Կազմակերպիչների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակն էր ոլորտի պատասխանատու ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել իրականացվող ընթացիկ քայլերը,  միջազգային հանրությանը ներկայացնել հայաստանյան փորձը՝ միևնույն ժամանակ ծանոթանալով այլ երկրների փորձին: Խորհրդաժողովին ներկա էին մասնակիցներ Մոնտենեգրոյից, Խորվաթիայից, Լիտվայից, Մալթայից, Նորվեգիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից և Ղրղզստանից:  Փորձի փոխանակումից զատ մասնակիցները  այցելեցին երեխայի խնամքի հաստատություններ՝ ծանոթանալու պայմաններին և վերակազմավորման հեռանկարներին:

 

Տարբեր երկրներում տասնամյակներ շարունակ իրականացված անկախ հետազոտությունները անհերքելիորեն ապացուցել են շուրջօրյա խնամքի բացասական ազդեցությունը երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները։ Վաղ տարիքի (0-3) երեխաները կրում են ամենամեծ վնասները՝ նրանց ուղեղի արագացված զարգացման և հուզական կապվածության խնդիրների հետևանքով։

 

Համաձայն պաշտոնական տվյալների, հաստատություններում մշտապես բնակվող երեխաների 80-90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և այնտեղ է հայտնվել հաշմանդամության կամ աղքատության և այլ խոցելիությունների հետևանքով, որոնք ընտանիքների համար դժվարացնում են երեխայի խնամքը։ Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք՝ լինի դա հաշմանդամություն ունեցող, թե ոչ։ 2016 թվականի մայիսի դրությամբ՝ պետական մանկատներում ապրող 670 երեխաներից մոտ 470-ն հաշմանդամություն ուներ։

 

###

 

Երեխայիխնամքիբարեփոխումներիմասինավելիմանրամասն՝

Բարեփոխումների արդյունքում շուրջօրյա խնամքի և կրթական պետական հաստատություններում երեխաների քանակը 2014 թվականի ավելի քան 3,600-ից նվազեց մինչև 3,000-ից պակաս՝ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ։ Մեկ գիշերօթիկ հաստատություն փակվել է, երկու գիշերօթիկ հաստատություններ և վեց հատուկ դպրոցներ ձևափոխվել են ու վերածվել, համապատասխանաբար, Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների ու մանկավարժահոգեբանական կենտրոնների։ Կառավարությունը նպատակադրված է առաջիկա վեց ամիսների ընթացքում վերակազմակերպել/փակել երկու հատուկ դպրոց, հինգ գիշերօթիկ հաստատություն և մեկ մանկատուն։ Սրա արդյունքում ավելի քան 700 երեխա կվերամիավորվի ընտանիքների հետ, իսկ այլընտրանքային ծառայությունների ցանցը կընդլայնվի։

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org