Երեխաների մասին լուսաբանման հիմնարար սկզբունքներ

Երեխաներին և երիտասարդներին առնչվող խնդիրը լուսաբանելիս չպետք է վտանգել նրանց: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է էթիկապես ճիշտ լուսաբանման սկզբունքներ, որոնք կօգնեն երեխաների խնդիրները լուսաբանող լրագրողներին՝ կարևորել երեխայի լավագույն շահն ու երեխայի իրավունքների պաշտպանությունը: 

 

Գոյություն ունեցող վեց հիմնարար սկզբունքից զատ, կա նաև՝ երեխայի հետ հարցրազրույց վարելու վեց, ինչպես նաև` երեխաների խնդիրները լուսաբանելու յոթ սկզբունք:

 

 

Վեց հիմնարար սկզբունք

 

Ցանկացած իրավիճակում հարգել յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը:

 

Լուսաբանելիս և հարցազրույց վարելիս՝ հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր երեխայի գաղտնիության և անանուն մնալու, կարծիք հայտնելու, վնասից և հատուցումից պաշտպանության ու իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքներին:

 

Ամեն ինչից առավել՝ գերակա պահել յուրաքանչյուր երեխայի լավագույն շահը. այն է՝ աջակցել երեխայի իրավունքների պաշտպանությանը և բարձրաձայնել երեխային վերաբերող խնդիրների մասին:

 

Երեխայի լավագույն շահը հասկանալու համար հարկ է հաշվի առնել նրա՝ լսելի լինելու իրավունքը՝ ելնելով իր տարիքային առանձնահատկություններից:

 

Խոսել այն մարդկանց հետ, ովքեր լավագույնս գիտեն, թե ի՞նչ իրավիճակում է գտնվում երեխան:

 

Երբեք չհրապարակել որևէ հոդված կամ լուսանկար, որը կարող է վտանգել երեխային, կամ նրա եղբայրներին, քույրերին և հասակակիցներին: Պահպանել այդ զգուշավորությունը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ինքնությունը փոխված է, քողարկված կամ չի հիշատակվում:

 

 

Երեխաների հետ հարցազրույց վարելիս

 

Երեխայի լավագույն շահը, նաև չվնասելն է: Խուսափե՛ք դատապարտող և որակավորող հարցերից, վերաբերմունքից կամ մեկնաբանություններից, որոնք երեխային վտանգի տակ են դնում, նվաստացնում, կամ ստիպում վերհիշել տրավմատիկ դեպքերի պատճառած ցավը:

 

Հարցազրույց վարելու համար երեխայի ընտրության հարցում մի՛ ցուցաբերեք խտրականություն՝ երեխայի սեռով, ազգությամբ, տարիքով, դիրքով, կրթությամբ կամ ֆիզիկական կարողություններով պայմանավորված:

 

Մի՛ բեմականացրեք: Մի՛ խնդրեք երեխաներին պատմել դեպքեր կամ կատարել գործողություններ, որոնք իրենց պատմության մասը չեն կազմում:

 

Համոզվե՛ք, որ երեխան կամ  նրա խնամակալը գիտեն, որ իրենք խոսում են լրագրողի հետ: Ներկայացրե՛ք հարցազրույցի նպատակն ու դրա հրապարակման մանրամասները:

 

Բոլոր հարցազրույցների, տեսանկարահանումների և լուսանկարահանումների համար թույլտվություն հայցե՛ք երեխայից և նրա խնամակալից: Բոլոր հնարավոր դեպքերում, ցանկալի է, որ թույլտվությունը գրավոր տրամադրվի: Թույլտվություն պետք է ստանալ՝ առանց երեխային և նրա խնամատար անձին ստիպելու: Փորձեք հստակ ներկայացնել, որ նրանց պատմությունը կարող է տարածվել ոչ միայն տեղական, այլ ավելի մեծամասշտաբ հարթակներով: Ի դեպ, թույլտվությունը ստացված է համարվում միայն այն դեպքում, երբ  այն լրացվել է երեխայի մայրենի լեզվով, և երեխայի վստահությունը վայելող անձի հետ խորհրդակցելով:

- Եթե ձեր լրատվամիջոցը չունի համապատասխան ձևաթուղթ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է տրամադրել առաջարկվող տարբերակը:

 

Ուշադրություն դարձրե՛ք երեխայի հետ հարցազրույց անցկացնելու վայրին: Սահմանափակե՛ք հարցազրույցն անցկացնողների և լուսանկարիչների թիվը: Համոզվե՛ք, որ երեխաները իրենց լավ, անկաշկանդ ու հարմարավետ են զգում և կարող են պատմել իրենց պատմությունն առանց որևէ ճնշումների (այդ թվում լրագրողի): Ուշադրություն դարձրե՛ք, թե ֆիլմում, տեսանյութում կամ ռադիո հարցազրույցներում, ընտրված նկարը կամ օգտագործվող ձայնն ինչ է հուշում երեխայի կամ նրա պատմության մասին: Երբ ցուցադրվում է երեխայի տունը, համայնքը կամ տեղանքը, համոզվե՛ք, որ երեխան չի վտանգվի ու չի հայտնվի անբարենպաստ վիճակում:

 

Երեխաների մասին զեկուցելիս

 

Ավելորդ մի՛ պիտակավորեք որևէ երեխայի: Խուսափե՛ք դասակարգումներից կամ նկարագրություններից, ինչի հետևանքով երեխան ողջ կյանքում կարող է իր համայնքում բացասական ճնշումների ենթարկվել, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական, կամ խտրականության ու մերժման:

 

Երեխային վերաբերող պատմության կամ լուսանկարի համար միշտ տրամադրե՛ք համապատասխան իրական համատեքստը:

 

Լուսանկարներում, տեսանյութերում, աուդիո և տպագիր հարցազրույցներում, պարտադիր փոխե՛ք երեխայի անունը, անճանաչելի դարձրեք նրա ինքնությունն այն դեպքում, երբ երեխան կարող է ճանաչվել որպես՝

  • - սեռական չարաշահման կամ շահագործման զոհ,
  • - ֆիզիկական կամ սեռական բռնություն իրականացրած անձ,
  • - ՄԻԱՎ-ի վարակակիր կամ ՁԻԱՀ ունեցող, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան, ծնողը կամ խնամակալը տալիս է դրա լիարժեք համաձայնությունը,
  • - մեղադրվում է կամ դատապարտվել է հանցագործության մեջ:

 

Ռիսկի, հավանական վտանգի, վնասի կամ պատժի հստակ դեպքերում, փոխե՛ք երեխայի անունն ու անճանաչելի դարձրե՛ք նրա ինքնությունը լուսանկարներում և տեսանյութերում, երբ նա՝

  • - այժմ կամ անցյալում անչափահաս զինվոր է եղել,
  • - ապաստան հայցող է, փախստական է կամ տարհանված անձ

 

Որոշ դեպքերում երեխայի ինքնությունը, անունը կամ ճանաչելի պատկերը օգտագործումը բխում է երեխայի լավագույն շահից: Այունամենայնիվ,  երբ երեխայի ինքնությունը բացահայտվում է, նա, միևնույնն է, պետք է պաշտպանված լինի վնասներից և աջակցություն ստանա, եթե պիտակավորվել կամ ճնշման է ենթարկվել: Օր.՝

  • - երբ երեխան լրագրողի հետ կապ հաստատելու ցանկություն է հայտնում՝ ցանկանալով իրացնել խոսքի ազատության և լսելի լինելու իր իրավունքը,
  • - երբ երեխան գործողությունների կայուն ծրագրի կամ սոցիալական համախմբան մաս է կազմում և պահանջում է, որ իրեն ճանաչեն որպես այդպիսին,
  • - երբ երեխան սոցիալ-հոգեբանական ծրագրի մասնակից է և պնդում է, որ իր անվան և ինքնության մասին խոսելն իր առողջ զարգացման մասն է կազմում,

 

Հաստատե՛ք երեխայի ասածի ճշգրտությունն այլ երեխաների կամ չափահասի հետ, նախընտրելի է՝ թե՛ մեկի, թե՛ մյուսի:

 

Երբ կոնկրետ մեկ երեխայի օրինակի վրա պատրաստվող ռեպորտաժը, կամ հոդվածը, կասկածի տակ է դնում նրա անվտանգությունը՝ խնդիրն ընդհանրացրեք ու ահազանգեք երեխաների ընդհանուր իրավիճակի մասին։ Այսպես վարվեք անգամ այն դեպքում, երբ մեկ երեխայի օրինակով խնդրի լուսաբանումն ավելի գերադասելի եք համարում (հաշվի առնելով դիտողականությունը)։

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org