Երբեք չէի պատկերացնի

«Երբեք չէի պատկերացնի, որ տնային տնտեսուհու կարգավիճակից բացի, ուրիշ կարևոր գործ կարող եմ անել: Սա կարծես երազանքի նման էր, որ փոքր երեխաներ ունենալով, չէի էլ պատկերացնում՝ կիրականանա», - ասում է Հեղինեն, որ արդեն 6 ամիս է որպես դաստիարակ է աշխատում 16 սան ունեցող Մարցի մանկապարտեզում: Այն ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների մոդելով, որի նպատակն է վաղ մանկական ուսումնառությունը հասանելի դարձնել յուրաքանչյուր երեխայի համար:

 

Հայաստանի գյուղերում ապրող 10 երեխայից 8-ը մանկապարտեզ չի հաճախում ՝ նաև դրա բացակայության պատճառով: Սա որոշ առումով տեղի արդեն իսկ փոքր աշխատաշուկայից դուրս է մղում կանանց կամ ստիպում է կրճատել իրենց աշխատաժամերը, որը հատկապես ճիշտ է երեխաներ ունեցող երիտասարդ կանանց մասին այնտեղ, որտեղ մշակութային արժեքները ամենաշատը կարևորում են նրանց՝ խնամքի պատասխանատուի ու տնային տնտեսուհու դերը:

 

Մյուս կողմից երկրի կրթական համակարգի կարևորագույն օղակը երեխաների վաղ կրթությունն է, որի նպատակն է բարելավել 3-6 տարեկան երեխաների ճանաչողական, ֆիզիկական և սոցիալական զարգացումը:

 

Մոդելը ստեղծվել է փոքր գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ ունենալու համար նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, իսկ մոտակա քաղաքային մանկապարտեզը հեռու է: Այն հիմնված է միջազգային ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ մանկապարտեզ հաճախելու տևողությունը (տարիների առումով) ավելի մեծ նշանակություն ունի 3-6 տարեկան երեխայի ապագայի համար, քան օրվա ընթացքում հաստատությունում անցկացրած ժամերը:

 

Հեղինեի հետ երկար զրուցեցինք ու նա հաճախակի էր իր խոսքում կրկնում, որ մանկապարտեզ հաճախող երեխաները շատ են տարբերվում չհաճախողներից:
Նա նաև իր անձնական փորձից պատմեց մեզ: «Նախկինում մանկապարտեզ չունեինք ու շատ էի նեղվում, որ մեծ աղջիկս՝ Լիլիթս, արդեն 6 տարեկան է, ու առանց մանկապարտեզ հաճախելու, միանգամից գնաց դպրոց: Իսկ այ Լիանաս, որ դեռ 4 տարեկան է, արդեն հաճախում է մեր մանկապարտեզ: Նրանք միմյանցից շատ են տարբերվում թե՛ ինքնուրույնությամբ, թե՛ վարքով, թե՛ մյուսների հետ իրենց շփման մեջ»:

 

Միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի վաղ զարգացման ընթացքում իրականացրած որակյալ միջամտությունները փոքր ներդրումներ են, որոնք հետագայում մեծ օգուտներ են բերում երեխայի, ընտանիքի, հասարակության և տնտեսության համար: Պատկերացնենք՝ կրթությունը աստիճան է: Եվ երեխային նախադպրոցական կրթությունից զրկել, նշանակում է առաջին 1-2 աստիճանները ուղղակի դեն նետել՝ թողնելով երեխային, որ նա մի կերպ բարձրանա ու կանգնի միանգամից 3-րդ աստիճանին:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ այժմ Սյունիքի և Լոռվա մարզերի թվով 12 բնակավայրերում 140 երեխա իր կրթական ճանապարհը կսկսի հենց առաջին աստիճանից: Մոդելը երեխաներին ապահովում է ոչ միայն զարգացման և ուսումնառության հնարավորություն, այլև համայնքին տրամադրում է աշխատատեղեր և բարենպաստ ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակի վրա: 

 

Չենք կարող պատմությունն ավարտել՝ առանց Հեղինեի ոգևորությունը ձեզ հետ կիսելու: Զրույցի ընթացքում նա, կես ամաչելով կես հպարտությամբ, նշեց, որ չնայած դաստիարակի աշխատանքը բարդ է ու շատ պարտավորեցնող, սա իր հնարավորությունն է երեխաների ու տան ամենօրյա խնամքից զատ՝ ուշադրություն դարձնել նաև ինքն իրեն ու իր անձնական պահանջներին:

 

Նմանատիպ ծառայությունները հատկապես փոքր համայնքներում կանանց հնարավորություն են տալիս մտնել աշխատաշուկա, դառնալ տնտեսապես ակտիվ և ինչ-որ չափով նաև ապահովել իրենց ապագան:

 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝zsargsyan@unicef.org