Աշխարհի երեխաների մոտ մեկ քառորդն ապրում է հակամարտության մեջ գտնվող կամ աղետի ենթարկված երկրներում

 

Այս նոր ցուցանիշն ակնառու հիշեցում է այն բանի, թե ինչու է ստեղծվել ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մինչ կազմակերպությունը նշում է հանուն ամենախոցելիների երեխաների իր գործունեության 70-ամյակը

 

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9-ը դեկտեմբերի, 2016 թ. - Ըստ գնահատականների, մոտ 535 միլիոն երեխա, մոտավորապես յուրաքանչյուր չորսից մեկը, բնակվում է հակամարտության կամ աղետի ազդեցությունը կրող երկրներում՝ հաճախ զրկված լինելով բժշկական օգնությունից, որակյալ կրթությունից, պատշաճ սնուցումից եւ պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից. հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր։

Աֆրիկայի Ենթասահարայի հատվածում է բնակվում արտակարգ իրավիճակների ազդեցությունը կրող երկրներում ապրող երեխաների գլոբալ քանակի մոտ երեք քառորդը՝ 393 միլիոն երեխա։

Այս նոր տվյալները հրապարակվեցին 2016 թվականի դեկտեմբերի 11-ին ընդառաջ, այն ժամանակ, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում էր աշխարհի ամենադժվարին հատվածներում իր անդադար ու հետեւողական աշխատանքի 70 տարին՝ բերելու կյանքեր փրկող օգնություն, երկարաժամկետ աջակցություն եւ հույս այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտությունների, ճգնաժամերի, աղքատության, անհավասարության եւ խտրականության պատճառով։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է՝ օգնություն ու հույս տալու այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտության ու զրկանքների հետեւանքով։ Եվ այս ահռելի քանակը, որը ներկայացնում է կես միլիարդ երեխաների առանձին կյանքերը, սթափեցնող հիշեցում է այն մասին, որ մեր առաքելությունն ամեն օր ավելի պահանջված ու հրատապ է դառնում», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։

Հակամարտությունների, բնական աղետների եւ կլիմայի փոփոխության ներգործությունը երեխաներին ստիպում է լքել իրենց տերը՝ նրանց թողնելով հակամարտության գծի հետեւում, ծուղակի մեջ, եւ նրանց ենթարկելով հիվանդությունների, բռնության ու շահագործման ենթարկվելու վտանգի տակ։

 

  • ·         Մոտ 50 միլիոն երեխա արմատախիլ է արվել իր հայրենի հողից. նրանց ավելի քան կեսը լքել է իր տունը հակամարտությունների հետեւանքով։
  • ·         Սիրիայի ողջ տարածքում բռնության ուժգնացմանը զուգընթաց, պակաս քան մեկ տարում պաշարման մեջ գտնվող երեխաների քանակը կրկնապատկվել է։ Այսօր մոտ 500,000 երեխա ապրում է երկրի տարբեր մասերում գտնվող 16 պաշարված տարածքներում՝ գրեթե լիովին կտրված լինելով շարունակվող մարդասիրական օգնությունից ու կենսական ծառայություններից։
  • ·         Հյուսիսարեւելյան Նիգերիայում մոտ 18 միլիոն մարդ տեղահանված է. նրանից գրեթե 1 միլիոնը երեխաներ են։
  • ·         Աֆղանստանում տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե կեսը չի հաճախում դպրոց։
  • ·         Եմենում մոտ 10 միլիոն երեխա կրում է հակամարտության ազդեցությունը։
  • ·         Հարավային Սուդանում տարրական դպրոցի տարիքի երեխաների 59 տոկոսը չի հաճախում դպրոց, եւ հակամարտության ծավալման տարածքներում յուրաքանչյուր 3 դպրոցից մեկը փակված է։
  • ·         Այն բանից հետո, երբ «Մեթյու» փոթորիկն ավելի քան երկու ամիս անց հարվածեց Հայիթիին, մինչեւ հինգ տարեկան ավելի քան 90,000 երեխա դեռեւս օժանդակության կարիք ունի։

Արտակարգ իրավիճակները, որոնց այսօր բախվում են ամենախոցելի երեխաները, սպառնում են խաթարել վերջին տասնամյակների ընթացքում ձեռքբերված հսկայական առաջընթացը. 1990 թվականից ի վեր, կիսով չափ կրճատվել է մինչեւ հինգ տարեկանը լրանալը մանկամահացության ցուցանիշը, իսկ մի քանի հարյուր միլիոն երեխա այլեւս չի ապրում աղքատության մեջ։ Կրթությունից դուրս մնացածների քանակը տարրական դպրոցի տարիքի երեխաների շրջանում ավելի քան 40 տոկոսով կրճատվել է 1990-ից 2014 թվականներին։

Չնայած զգալի առաջընթացին, չափազանց շատ երեխաներ շարունակում են զրկված մնալ՝ իրենց սեռի, ռասայի, կրոնի, էթնիկական խմբի կամ հաշմանդամության պատճառով, այն պատճառով, որ ապրում են աղքատության պայմաններում կամ դժվարհասանելի համայնքներում, կամ պարզապես այն պատճառով, որ նրանք երեխա են։

«Անկախ այն բանից, երեխաներն ապրում են հակամարտության, թե խաղաղության մեջ գտնվող երկրում, նրանց զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն իրենց առանձին վերցրած ապագայի համար, այլեւ այն հասարակությունների, որտեղ նրանք ապրում են», - շեշտեց պ-ն Լեյքը։

 

###

 

Ծանոթագրություն խմբագրի համար.

 

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ ներկայացված թվային տվյալները վերաբերում են հակամարտությունների, ճգնաժամերի եւ աղետների ազդեցությանը ենթարկված երկրներում բնակվող երեխաներին։ Այդ թվերը հաշվարկվել են՝ օգտագործելով այն երկրների բնակչության մասին տվյալներ, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է մարդասիրական օգնության ծրագրեր։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել՝

Ջորջինա Թոմփսոն, ՅՈՒՆԻՍԵՖ, Նյու Յորք, հեռ.՝ +1 917 238 1559, gthompson@unicef.org 

Մելանի Շարփ, ՅՈՒՆԻՍԵՖ, Նյու Յորք, հեռ.՝ +1+1 917 251 7670, msharpe@unicef.org

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը թվերով

 

Սնուցում

1940-ական թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ապրող երեխաներին տրամադրել սնուցման հրատապ օգնություն, հիմնականում կաթի տեսքով։ 2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու իր աշխարհասփյուռ գործընկերները 2.9 միլիոն երեխայի օգնել են հաղթահարել սուր թերսնուցումը։

 

Առողջություն

1950-ական թվականներին պատվաստման թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին քարոզարշավներն ուղղված էին այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են տուբերկուլյոզը եւ մորացանը (ֆրամբեզիա)։ 2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կատարել է պատվաստանյութի 2.8 միլիարդ չափաբաժինների գնում՝ օգնելով աշխարհում ապրող մինչեւ հինգ տարեկան երեխաների 45 տոկոսին պաշտպանել մահացու հիվանդություններից։

 

1998 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը դարձավ «Կասեցնել մալարիան» գործընկերության [Roll Back Malaria Partnership] հիմնադիր անդամ` աջակցելու մալարիայի բուժմանը եւ դրա վերաբերյալ  հետազոտություններին, ինչպես նաեւ ընդլայնելու կանխարգելիչ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են երկարատեւ օգտագործման միջատասպան անկողնային ցանցերը։ 2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կատարել է 22.3 միլիոն անկողնային ցանցերի գնում՝ պաշտպանելու 30 երկրներում ապրող երեխաների ու ընտանիքների։

 

Կրթություն

1961 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդլայնեց իր ծրագրային ոլորտները եւ ներառեց երեխաների կրթությունը։ 2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3-18 տարեկան 7.5 միլիոն երեխայի համար ապահովեց ֆորմալ կամ ոչ ֆորմալ հիմնական կրթության հասանելիություն։

 

Երեխաների պաշտպանություն

1989 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովն ընդունեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որը սահմանում է, որ բոլոր երեխաները պիտի գրանցվեն ծնվելուց անմիջապես հետո՝ օրենքի ներքո նրանց գոյությունն ամրագրելու եւ նրանց բազմաթիվ իրավունքներն ապահովագրելու համար։ 2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ավելի քան 9.7 միլիոն ծնունդ է գրանցվել 54 երկրներում։

 

Ջուր, սանիտարական պայմաններ եւ հիգիենա

1953 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսեց իր առաջին ջանքերը գործադրել՝ բարելավելու ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների եւ հիգիենայի հասանելիությունը կարիքավոր երեխաների եւ ընտանիքների համար, եւ կազմակերպությունը ժամանակի ընթացքում ընդլայնել է այդ գործունեությունը բազմաթիվ գործընկերների հետ միասին։ 1990-ից մինչեւ 2015 թվականը, 2.6 միլիարդ մարդ ստացել է խմելու ջրի աղբյուրներից օգտվելու բարելավված հնարավորություն, իսկ 2.1 միլիարդ մարդ՝ սանիտարահիգիենիկ բարելավված հարմարություններից օգտվելու հնարավորություն։

 

Մարդասիրական գործողություններ

Իր հիմնադրման օրից ի վեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երբեք չի դադարել արձագանքել մարդասիրական աղետներին, որոնք ազդել են երեխաների վրա, մասնավորապես այն երեխաների, որոնք արդեն իսկ կրում էին աղքատության եւ զրկվածության բեռը։

2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու իր գործընկերները՝

  • ·         ճգնաժամերի ենթակա երկրներում ապահովել են 11.3 միլիոն երեխայի պատվաստում ընդդեմ կարմրուկի.
  • ·         արտակարգ իրավիճակներում գտնվող 4 միլիոն երեխայի համար ապահովել են ֆորմալ կամ ոչ ֆորմալ հիմնական կրթության հասանելիություն.
  • ·         տրամադրել են հոգեբանական օժանդակություն հակամարտություններում հայտնված կամ բնական աղետների ազդեցությանը ենթարկված 2 միլիոն երեխաների։

 

Ընդհանուր համեմատական փաստեր

1955 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն օժանդակություն էր ցուցաբերում 92 երկրի եւ տարածքի: 2016 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրում եւ տարածքում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին Ազգային կոմիտեն ստեղծվել է 1947 թվականին՝ Միացյալ Նահանգներում՝ գործակալության անունից դրամահավաքի եւ իրազեկության բարձրացման նպատակով: 2016 թվականին ողջ աշխարհում գործում է 34 Ազգային կոմիտե:

 

1972 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատում էր շուրջ 1,000 միջազգային եւ տեղական աշխատող: 2016 թվականին ողջ աշխարհում նրա աշխատակազմը բաղկացած է մոտավորապես 13,000 անդամից: