Աշխարհի երեխաների գրեթե կեսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ

 

Չնայած առաջընթացին՝ միլիոնավոր երեխաներ չեն ստանում  կենսականորեն անհրաժեշտ պլանային պատվաստումներ

26-ը ապրիլի, 2017թ., Նյու Յորք: 2016թ.-ին գրեթե 100 երկրների երեխաների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել է 2.5 միլիարդ չափաքանակով պատվաստանյութեր՝ դրանով իսկ 5 տարին չլրացած աշխարհի երեխաների գրեթե կեսին պատվաստումները հասանելի դարձնելով: Պատվաստումների համաշխարհային շաբաթվա ընթացքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի ամենամեծ գնորդն է աշխարհում:

 

Նիգերիան, Պակիստանն ու Աֆղանստանը շարունակում են պոլիոմիելիտի էնդեմիկ օջախներ համարվող երկրներ լինել: Այդ երկրներից յուրաքանչյուրը ստացել է պատվաստանյութերի ավելի մեծ չափաբաժին, քան որևէ այլ երկիր: Այդ թվում՝ 450 միլիոն չափաբաժին գնվել է Նիգերիայի, 395 միլիոն՝ Պակիստանի և ավելի քան 150 միլիոն չափաբաժին՝ Աֆղանստանի երեխաների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պոլիոմիելիտի արմատական վերացման գլոբալ ռազմավարական ծրագրի առաջատար գնորդ կազմակերպությունն է:

 

Պատվաստումների հասանելիությունը հնարավորություն է ընձեռել նվազեցնել 5 տարին չլրացած երեխաների մահերի քանակը կանխարգելիչ պատվաստումների միջոցով, և աշխարհը մոտեցնել պոլիոմիելիտի ի սպառ վերացմանը: 2000-2015թթ.-ի ընթացքում կարմրուկի պատճառով մահացող 5 տարին չլրացած  երեխաների թիվը նվազել է 85 տոկոսով, իսկ նորածնային փայտացումից՝ 83 տոկոսով: Թոքաբորբի պատճառով մահերի 47, իսկ փորլուծության հետևանքով 57 տոկոսով  մահացիության նվազեցումը ևս վերագրվում է պատվաստումներին:

 

Այնուամենայնիվ, յորաքանչյուր տարի աշխարհում 19.4 միլիոն երեխա չի պատվաստվում: Պատվաստում չստացած երեխաների մոտավորապես երկու երրորդը ապրում է հակամարտությունների գոտիներում: Թույլ զարգացած առողջապահական համակարգերը, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը ևս նպաստում են, որ 5 տարին չլրացած յուրաքանչյուր 5 երեխայից 1-ին կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չտրամադրվեն:

 

«Անկախ բնակության վայրից և հանգամանքներից՝ բոլոր երեխաները կյանքի պահպանման և զարգանալու իրավունք ունեն՝ զերծ մահացու հիվանդություններից»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումների ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին (Dr. Robin Nandy): «Չնայած այն հանգամանքին, որ 1990 թ.-ից ի վեր պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել է երեխաների մահացության թիվր, մինչ օրս ամեն տարի 1.5 միլիոն երեխա է մահանում այլապես պատվասումների միջոցով կանխարգելվող հիվանդություններից»:

 

Անհավասարություններն ակնհայտ են հարուստ և աղքատ երեխաների միջև: Որպես այդպիսին, 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի 80% -ը տեղի է ունենում այն երկրներում, որտեղ աղքատ երեխաները պլանային բոլոր պատվաստումները չեն ստացել: Այսպիսով՝ 5 տարին չլրացած աղքատ երեխաների մահվան հավանականությունը երկու անգամ գերազանցում է հարուստ երեխաների մոտ հանդիպող մահվան դեպքերի քանակը: 

 

«Գյուղական համայնքներում ապրող երեխաներից բացի, որտեղ ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, գերբնակեցված քաղաքներում և ետնախորշերում ապրող ավելի ու ավելի շատ երեխաներ ևս կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չեն ստանում»,-ավելացրեց Նանդին: «Գերբնակեցումը, աղքատությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները, ոչ պատշաճ սնուցումն ու առողջապահական համակարգը այս համայնքներում բարձրացնում են  այնպիսի հիվանդությունների ռիսկային գործոնները, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունն ու կարմրուկը, - հիվանդություններ, որ հեշտությամբ կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»:

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, մինչ 2030թ.-ը յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը, հիմնականում Աֆրիկայում և Ասիայում, բնակվելու է քաղաքային աղքատ համայնքներում, ինչը նշանակում է, որ պատվաստումներ մատուցող ծառայությունների մեջ ներդրումներ կատարելը պետք է համապատասխանեցվի այս համայնքների և երեխաների կարիքներին:

 

###

 

Իրավիճակը Հայաստանում՝

2002 թվականից Հայաստանի Հանրապետությունը համարվում է պոլիոմիելիտից ազատ գոտի, իսկ 2007 թվականից երկրում կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Երկրում չեն արձանագրվում նաև դիֆտերիայի և փայտացման դեպքեր:


 
Առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ժամանակին իրականացրած ռազմավարության շնորհիվ երկրում պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է ավելի քան 95 տոկոս, որը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մի շարք այլ հիվանդություններ՝ կարմրախտ, կապույտ հազ և մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում Հեպատիտ B -ն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.unicef.org/immunization