Աշխարհը ձախողում է աջակցություն ցուցաբերել նորածիններին — ՅՈՒՆԻՍԵՖ

 

 

Լավագույն վայրերում ծնվող երեխաները 50 անգամ քիչ հավանական է, որ մահանան  կյանքի առաջին ամսում

 

 

  

Նյու Յորք, 21-ը փետրվարի, 2018 թՆորածին երեխաների մահվան դեպքերը շարունակում են տագնապալի բարձ ցուցանիշներ գրանցել համաշխարհային մասշտաբով, հատկապես` աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների մահացության մասին նոր զեկույցումՃապոնիայում, Իսլանդիայում և Սինգապուրում ծնված երեխաները ապրելու ամենաշատ հավանակունությունն ունեն, մինչդեռ Պակիստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Աֆղանստանում ծնվածները բոլորից շատ են տուժում։ 
 

«Թեև անցած քառորդ դարի ընթացքում մենք ավելի քան կիսով չափ կրճատել ենք մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահերի թիվը, մեկ ամսականը չլրացած երեխաների շրջանում նմանատիպ արդյունքի չենք հասել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Հաշվի առնելով, որ այս մահերի մեծ մասը կանխարգելի է, անկասկած, մենք ձախողում ենք աջակցություն ցուցաբերել աշխարհի ամենաաղքատ երեխաներին»։
 

Ըստ զեկույցի, ցածր եկամուտ ունեցող երկրներում 1,000 նորածնին բաժին ընկնող նորածնային մահացության միջին ցուցանիշը 27 է։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 3 է 1,000 նորածնի հաշվով։ Ամենավտանգավոր վայրերում ծնվող երեխաների մահվան հավանականությունը 50 անգամ ավելի մեծ է, քան նրանցը, ովքեր ծնվում են ամենաանվտանգ երկրներում։
 

Զեկույցը նաև նշում է, որ ծնվելու համար ամենավտանգավոր տասը վայրերից ութը գտնվում են Աֆրիկայի ենթասահարյան հատվածում, որտեղ հղի կանայք ծննդաբերության ժամանակ որևէ օգնություն ստանալու փոքր հավանակություն ունեն՝ աղքատության, ընդհարումների և ցածրորակ առողջապահական հաստատությունների պատճառով։ Եթե մինչև 2030թ․ յուրաքանչյուր երկիր իր նորածնային  մահացության ցուցանիշը հասցներ բարձր եկամուտ ունեցողների ցուցանիշին, ապա 16 միլիոն կյանք կփրկվեր։
 

 

 

 

 

 

Կյանքի անհավասար պատկեր՝[1]

Նորածնային մահացության ամենաբարձր

ցուցանիշները

 

1. Պակիստան՝ 22-ից 1-ը  
2. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ 24-ից 1-ը  
3. Աֆղանստան՝ 25-ից 1-ը  
4. Սոմալի՝ 26-ից 1-ը  
5. Լեսոթո՝ 26-ից 1-ը  
6. Գվինեա Բիսաու՝ 26-ից 1-ը  
7. Հարավային Սուդան՝26-ից 1-ը  
8. Կոտ դ’Իվուար՝ 27-ից 1-ը  
9. Մալի՝ 28-ից 1-ը  
10. Չադ՝ 28-ից 1-ը  
   
 
Նորածնային մահացության ամենացածր ցուցանիշները

1. Ճապոնիա՝ 1111-ից 1-ը

2. Իսլանդիա՝ 1000-ից 1-ը

3. Սինգապուր՝ 909-ից 1-ը

4. Ֆինլանդիա՝ 833-ից 1-ը

5. Էստոնիա՝ 769-ից 1-ը

6. Սլովենիա՝ 769-ից 1-ը

7. Կիպրոս՝ 714-ից 1-ը

8. Բելառուս՝ 667-ից 1-ը

9. Լյուքսեմբուրգ՝ 667-ից 1-ը

10. Նորվեգիա՝ 667-ից 1-ը
 
 

 

Ըստ զեկույցի, նորածնային մահերի 80 տոկոսի պատճառ են հադիսանում վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները և այնպիսի վարակներ, ինչպիսիք են թոքաբորբն ու սեպսիսը։ Այս մահերը կարելի է կանխարգելել վերապատրաստված մանկաբարձների, ինչպես նաև` մաքուր ջրի, վարակազերծման, կյանքի առաջին ժամից սկսած կրծքով կերակրման, մոր հետ մաշկը մաշկին շփման և առողջ սնուցման միջոցով։ Այնուամենայնիվ, վերապատրաստված բուժաշխատողների և մանկաբարձների պակասը նշանակում է, որ հազարավոր նորածիններ չեն ստանում այն կենսափրկարար աջակցությունը, որը նրանց անհրաժեշտ է ապրելու համար։ Օրինակ՝ եթե Նորվեգիայում 10,000 հոգուն սպասարկելու համար կա 218 բժիշկ, բուժքույր ու մանկաբարձ, Սոմալիում նույն թվով մարդուն հասնում է միայն մեկ մասնագետ։
 
 
 
Այս ամիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է Every Child ALIVE (Կյանքի ապահովում յուրաքանչյուր երեխայի համար) համաշխարհային արշավը, որի նպատակն է լուծումներ պահանջել և լուծումներ տրամադրել աշխարհի նորածինների համար։ Արշավի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, առողջապահական մարմիններին, դոնորներին, մասնավոր հատվածին, ընտանիքներին և բիզնեսներին հրատապ կոչ է անում՝ պայքարել յուրաքանչյուր երեխայի կյանքի համար՝
  • Մայրական ու նորածնային խնամքի համար ներգրավել, վերապատրաստել և անհրաժեշտ գիտելիքներով ու փորձառությամբ ապահովել բավարար թվով բժիշկների, բուժքույրերի ու մանկաբարձների,
  • Յուրաքանչյուր մոր և մանկան համար երաշխավորել մաքուր ու գործող առողջապահական հաստատություններ, որոնք ապահովված են ջրով, օճառով և էլեկտրականությամբ,
  • Առաջնահերթություն դարձնել յուրաքանչյուր մորն ու մանկանը կենսափրկարար դեղամիջոցներով և առողջ կյանք սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելը,
  • Արտոնել դեռահաս աղջիկներին, մայրերին ու ընտանիքներին՝ պահանջել և ստանալ որակյալ առողջապահական խնամք։
 
 
«Ամեն տարի ամբողջ աշխարհում 2.6 միլիոն նորածին է մահանում մինչև իր կյանքի առաջին ամիսը լրանալը։ Նրանցից մեկ միլիոնը մահանում է հենց ծնվելու օրը», - նշեց տիկին Ֆորը։ «Մենք գիտենք, որ կարող ենք փրկել այս երեխաների մեծամասնությանը՝ յուրաքանչյուր մոր և նորածնի համար նախատեսված մատչելի ու որակյալ առողջապահական միջամտություններով։ Մեր կողմից կատարված յուրաքանչյուր փոքրիկ քայլը կարող է երաշխավորել յուրաքանչյուր կյանքի առաջին փոքրիկ քայլերը»։
 

 

###

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org

 

 

 

 
 
 
[1] Մանկական մահացության գործակիցները գնահատականներ են որոշակիության միջակայքերով: Վարկանշային աղյուսակը հիմնված է նորածնային մահացության մեդիանների վրա (նորածնային մահեր 1000 կենդանածնի հաշվով): Դրանց մեջ չեն մտնում անորոշությունները և հետևաբար, վարկանշային տեղերը ենթակա են փոփոխության: Վարկանշային աղյուսակում չեն ընդգրկված 1000 կենդանածնից պակաս կամ 90.000 բնակչություն չունեցող երկրները: Բոլոր երկրների վարկանիշերին ծանոթանալու համար՝ սեղմեք այստեղ