Անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը

Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորման միայն 12%-ը

 

7-ը հուլիսի, 2017թ., Համբուրգ, Գերմանիա / Նյու Յորք - Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է, որ անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը:

 

Արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներում կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ 932 միլիոն դոլարից ՅՈՒՆԻՍԵֆ-ը մինչ այժմ ստացել է միայն 115 միլիոն դոլարից պակաս արձանագրված կամավորական հանգանակություն: [1] Տվյալ ֆինանսավորումը նպատակ ունի մարդասիրական ճգնաժամերից տուժած 9.2 միլիոն երեխաների համար հասանելի դարձնել ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթությունը: [2]

 

«Կրթություն չստանալով՝ երեխաները մեծանում են առանց իրենց երկրների և տնտեսությունների խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների`վատթարացնելով միլիոնավոր երեխաների՝ արդեն իսկ հուսահատ վիճակը», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր և ամենաերիտասարդ բարի կամքի դեսպան Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan), ով Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Պատերազմների գոտիներում մեծացող միլիոնավոր երեխաների համար սպառնալիքներն էլ ավելի վհատեցնող են. դպրոց չհաճախելը սպառնում է վաղ ամուսնությամբ, աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավմամբ և երեխաների զորակոչմամբ»:

 

Աշխարհի ամենաթեժ պատերազմական գոտիների համար նախատեսված կրթական ծրագրերում ֆինանսավորման բացերը կազմում են՝ Իրաքում՝ 36 տոկոս, Սիրիայում՝ 64, Եմենում` 74 և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում` 78 տոկոս:

 

Կրթություն ստանալու ձգտումը ընտանիքիների և երեխաների՝ իրենց բնակավայրերից հեռանալու հիմնական դրդապատճառներից է, որը հաճախ վտանգում է նրանց կյանքը: Իտալիայում փախստական և միգրանտ երեխաների շրջանում անցկացված հարցման համաձայն, երեխաների 38 տոկոսին Եվրոպա մղող հիմնական գործոնը կրթության ստանալու հնարավորությունն է: Ըստ Հունաստանում անցկացված նմանատիպ հարցման՝ երեք ծնողներից կամ խնամակալներից մեկը նշում էր, որ իրենց Եվրոպա ուղևորվելու հիմնական դրդապատճառը երեխաների կրթությունն էր:

 

Պատերազմների և տեղահանման արդյունքում հոգեբանական տրավա կրած երեխաների համար կրթությունը կարող է կենարար լինել:

«Երբ 2013թ.-ին լքեցի Սիրիան, սարսափում էի, որ այլևս երբեք չեմ կարողանա վերադառնալ դպրոց: Սակայն, երբ ժամանեցի Հորդանան և հասկացա, որ մեր ճամբարում դպրոց կա, հանգստացա և հույսով լցվեցի», - նշեց Մազունը: «Կրթությունն ինձ նման երեխաների համար կյանքի փրկության, խաղաղ ու լավ ապագայի հույս է տալիս»: 

 

Որպես կրթության ակտիվիստ և սիրիացի փախստական, Մազունը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հակամարտության գոտիներում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների ձայնը լսելի դարձնելու համար:

 

«Ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին՝ ներդնել հօգուտ աղետի գոտիներում ապրող երեխաների ապագայի՝ այդ քայլով նպաստելով աշխարհի ապագա զարգացմանը», - ասաց Մազունը:

###

 

Կրթությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ կառավարություններին ուղղված 6 կետից բաղկացած գործողությունների ծրագրի մաս է: Այն նպատակ ունի պաշտպանել հակամարտության, բռնության և աղքատության պատճառով տուժած յուրաքանչյուր փախստական երեխային: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների ծրագիրը ներառում է հետևյալ կետերը՝

- Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից:

 

- Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ:

 

- Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին:

 

- Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից:

- Գործի անցնել՝ արձագանքելով լայնամասշտաբ տեղահանություններիի հիմքում ընկած դրդապատճառներին:

 

- Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

 

 

Կարևոր է իմանալ՝

- Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, հակամարտության մեջ գտնվող 22 երկրներում 6-15 տարեկան ավելի քան 25 միլիոն երեխա, կամ տվյալ տարիքային խմբի երեխաների 22 տոկոսը  դպրոց չի  հաճախում:

 

- Ողջ աշխարհում 50 միլիոն երեխա տեղահանվել է, որից 28 միլիոնը լքել է իրենց տները հակամարտությունների պատճառով: Միլիոնավոր այլ երեխաներ արտագաղթի ճամփան են բռնում ավելի լավ ու ապահով կյանքի փնտրտուքով:

 

- Փախստական երեխաներն ու դեռահասները հինգ անգամ ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն, քան իրենց ոչ փախստական հասակակիցները:

 

- Փախստականի կարգավիճակում ապրող երեխաների միայն կեսն է տարրական դպրոց հաճախում և քառորդից էլ քիչ՝ միջին դպրոց:

 

- Կրթական հնարավորությունների պակասը մասնավորապես մեծ է արտագաղթի ճանապարհին գտնվող երեխաների շրջանում. աշխարհի փախստական երեխաների գրեթե կեսը հնարավորություն չունի դպրություն սկսել կամ վերսկսել այն:

 

- 2016թ.-ին համաշխարհային մարդասիրական օգնության միայն 3.6 տոկոսն է ծախսվել կրթության վրա: Տարեկան 8.5 միլիարդ դոլար է հարկավոր այս բացը լրացնելու համար: Առկա միջոցները սովորաբար կարճաժամկետ են և անկանխատեսելի՝  զգալի կերպով խոչընդոտելով երեխաների կրթությանը:

 

- 2016թ.-ի մայիսին Մարդասիրական համաշխարհային գագաթաժողովի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և կազմակերպության գործընկերները ստեղծեցին «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում կրթական աջակցություն տրամադրել դրա կարիքն ունեցող 13.6 միլիոն երեխաների, իսկ մինչև 2030թ.-ը՝ 75 միլիոն երեխաների:

 

- Ընդհանուր առմամբ 2016թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթական աջակցություն է ցուցաբերել մարդասիրական աղետի գոտիներում բնակվող 11.7 միլիոն երեխաների:



[1] Այս ցուցանիշն իր մեջ չի ներառում բազմաոլորտային աշխատանքների ֆինանսավորման համար ստացված միջոցները, որոնք կարող են ներառել կրթական ոլորտը և այնպիսիք, որոնք ուղղված չեն կոնկրետ ոլորտի:

[2] Չնայած այս տարի տրամադրված ֆինանսավորման ցածր մակարդակին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխանեին ուղղված ծրագրերում նշանակալի արդյունքներ է գրանցել՝ գործընկերների նախորդ տարիներին ցուցաբերած առատաձեռն ֆինանսական աջակցության շնորհիվ: